Ֆրանսիան ձգտելու է Սիրիայի դեմ Եվրամիության պատժամիջոցների աստիճանական վերացմանը. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաայի hետ հանդիպմանը հայտարարել է, որ ձգտելու է Սիրիայի դեմ Եվրամիության պատժամիջոցների աստիճանական վերացմանը, եթե Դամասկոսը հավատարիմ մնա իր ներկայիս ուղեգծին: Մակրոնը խոստացել է նաև քայլեր ձեռնարկել, որ Միացյալ Նահանգները ևս հետևի այդ հարցում ԵՄ-ի օրինակին:
Հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի ղեկավարը Սիրիայի նախագահին կոչ է արել ապահովել բոլոր սիրիացիների պաշտպանությունը՝ առանց բացառության, անկախ նրանց ծագումից, կրոնից, դավանանքից և քաղաքական հայացքներից: Մակրոնը նաև հայտարարել է վերջերս դրուզների և ալևիների դեմ բռնության մեղավորների նկատմամբ Եվրամիության կողմից պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մասին:
Սիրիայի նկատմամբ Բրյուսելի քաղաքականության փոփոխությունը սկսվել է 2024 թվականի դեկտեմբերին Բաշար Ասադի իշխանության տապալումից հետո։ Հունվարին ԵՄ-ն համաձայնել էր վերացնել պատժամիջոցները Սիրիայի տնտեսության մի քանի առանցքային հատվածների նկատմամբ: