շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Եվրահանձնաժողովը մտադիր է մինչեւ 2027թ. Կիեւի համար հավաքել 15 մլրդ եվրո ՌԴ ակտիվների եկամուտներից

Եվրահանձնաժողովը մտադիր է մինչեւ 2027թ. Կիեւի համար հավաքել 15 մլրդ եվրո ՌԴ ակտիվների եկամուտներից

Եվրահանձնաժողովը մտադիր է մինչեւ 2027թ. մոտ 15 մլրդ եվրո հավաքել Ռուսաստանի սառեցված ակտիվների վերաներդրումից ստացված եկամուտների տեսքով, որոնք կարող են ուղղվել Կիեւի աջակցությանը, բայց այդ պլանները կախված կլինեն ԵՄ երկրներում բանկային տոկոսադրույքների մակարդակից։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Financial Times թերթը։

«Միայն ՌԴ Կենտրոնական բանկի [սառեցված] ակտիվների եկամուտները կլինեն [Եվրահանձնաժողովի] այդ առաջարկների թիրախը, որոնք պետք է ապահովեն տարեկան մինչեւ 3 մլրդ եվրոյի մուտքեր, ինչը թույլ կտա հավաքել 15 մլրդ եվրո 2023-2027թթ.»,- նշել է թերթը։

ԵՀ այս պլանը, նշել է թերթը, հետաձգվում է ամառվանից, քանի որ «ԵՄ անդամ մի շարք երկրներ եւ Եվրոպական կենտրոնական բանկը կասկածներ են հայտնել դրա իրավաբանական եւ ֆինանսական կայացածության հետ կապված»։ Սակայն Ուկրաինային աջակցության խնդիրները ԵՄ-ում եւ ԱՄՆ-ում նոր ազդակ են հաղորդել Մոսկվայի սառեցված ակտիվների եկամուտների օգտագործման փորձերին, շարունակել է պարբերականը։

Որպեսզի այս պլանը գործի, այն պետք է միաձայն հաստատեն ԵՄ բոլոր 27 երկրները դեկտեմբերի 14-15-ի գագաթաժողովում։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Էրիկ Մամերը եւ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հաստատել էին, որ Եվրահանձնաժողովը դեկտեմբերի 12-ին ներկայացնելու է Ռուսաստանի սառեցված ակտիվների եկամուտների հատուկ հարկման նախագիծը, ընդ որում՝ ակտիվներին Եվրահանձնաժողովն առայժմ ձեռք տալ չի պատրաստվում։ Այդ նախագիծը պետք է վերջնականապես հաստատվի Եվրահանձնաժողովի կոլեգիայի նիստում, որը տեղի է ունենալու երեքշաբթի Ստրասբուրգում եւ ներկայացվելու է օրվա երկրորդ կեսին Եվրախորհրդարանում, ճեպազրույցի ժամանակ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: