երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը ներողություն է խնդրել Վրաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասած խոսքերի համար

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը ներողություն է խնդրել Վրաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասած խոսքերի համար

Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին ներողություն է խնդրել, երբ Վրաստանի վարչապետը նրան մեղադրել է իր կյանքին սպառնալիքներ հնչեցնելու համար, գրում է Euronews-ը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հինգշաբթի Facebook-ի գրառման մեջ պնդել է, որ հեռախոսազրույցի ժամանակ ԵՄ հանձնակատարը զուգահեռներ է անցկացրել Վրաստանում լարված իրավիճակի և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հանդեպ մահափորձի միջև՝ փորձելով համոզել Վրաստանի իշխանությանը հրաժարվել վիճելի օրենքից։

Ըստ Կոբախիձեի՝ Վարհեին, իբր, ասել է. «Տեսեք, թե ինչ  պատահեց (Սլովակիայի վարչապետ Ռոբերտ) Ֆիցոյի հետ, դուք պետք է շատ զգույշ լինեք»:

Թեև Կոբախիձեի ֆեյսբուքյան գրառման մեջ պաշտոնյայի անունն ուղղակիորեն չի նշվում, Վարհեին անմիջապես պատասխանել է՝ պնդելով, որ իր մտադրությունները սխալ են հասկացվել:

«Ցանկանում եմ իմ շատ անկեղծ ափսոսանքը հայտնել, որ հեռախոսազրույցի որոշակի հատված հանվել է համատեքստից»,- ասվում է Վարհեիի հինգշաբթի օրը տարածած հայտարարության մեջ։

«Հեռախոսազրույցի ժամանակ անհրաժեշտություն զգացի վարչապետի ուշադրությունը հրավիրել առանց այն էլ փխրուն իրավիճակն էլ ավելի չսրելու կարևորության վրա: Այս առումով Սլովակիայում տեղի ունեցած վերջին ողբերգական իրադարձությունը ներկայացրեցի որպես օրինակ և որպես հղում, թե նույնիսկ Եվրոպայում ինչի կարող է հանգեցնել հասարակության մեջ բևեռացվածության նման բարձր մակարդակը»,-պարզաբանել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը։

Սլովակիայի վարչապետի վրա հինգ անգամ կրակել էին Հանդլովա քաղաքում կառավարության նիստից հետո։ Շատերը, ներառյալ նրա կաբինետի անդամները, մահափորձի պատճառ են համարում Սլովակիայում օրեցօր աճող քաղաքական բևեռացումը:

  • Կիսվել: