չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
ԵՄ-ում համարում են, որ Վրաստանում խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են խախտումներով

ԵՄ-ում համարում են, որ Վրաստանում խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են խախտումներով

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Եվրահանձնաժողովը համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին «հետաքննել խախտումները», որոնք, ըստ Բրյուսելի, տեղի են ունեցել Վրաստանի խորհրդարանի ընտրություններում։ 

Այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը։

«Մենք կոչ ենք անում Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և այլ համապատասխան մարմիններին կատարել իրենց պարտականությունը՝ արագ, թափանցիկ և անկախ հետաքննելու, հասցեագրելու ընտրական խախտումները և դրանց վերաբերյալ պնդումները։ Այդ խախտումները պետք է պարզաբանվեն և հասցեագրվեն։ Սա անհրաժեշտ քայլ է ընտրական գործընթացի հանդեպ վստահությունը վերականգնելու համար», - ասված է հայտարարության մեջ։

Փաստաթղթի համաձայն՝ Եվրամիությունը «ուշադրությամբ հետևել է խորհրդարանական ընտրություններին նախորդող իրադարձություններին», և Բրյուսելը կարծում է, որ «վերջին ամիսներին Վրաստանի ժողովուրդը ցույց է տվել իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և իրենց երկրի ուղուն դեպի ԵՄ»:

«Քարոզարշավի ընթացքում լայն տարածում են գտել ընտրողների, մասնավորապես՝ պետական ​​հատվածի աշխատակիցների վրա ճնշումների մասին հաղորդումները», - գրված է հայտարարության մեջ։ 

Նշվում է, որ ԵՄ-ն սպասում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) վերջնական զեկույցին և հանձնարարականներին, որոնք, ըստ Բրյուսելի, պետք է «իրականացվեն հնարավորինս շուտ»։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր հերթին հայտարարել է, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները վստահելի չեն, և կոչ է արել հետաքննել ընտրախախտումների մասին բոլոր հաղորդումները։ 

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ավելի վաղ հայտարարել էր, որ եվրոպական կառույցների միջազգային դիտորդների ասուլիսը հաստատել է երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների համապատասխանությունը բոլոր ընտրական սկզբունքներին։

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալների համաձայն՝ հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ ստանալով ընտրողների 53,93 %-ի աջակցությունը։ Դրան հաջորդում են հինգ տոկոսի շեմը հաղթահարած չորս կուսակցություններ՝ «Կոալիցիան հանուն փոփոխությունների»՝ 11,03 %, «Միացյալ ազգային շարժում»՝ 10,16 %, «Ուժեղ Վրաստան»՝ 8,81 % և «Գախարիան հանուն Վրաստանի»՝ 7,76 %։ 

 

  • Կիսվել: