ԵՄ-ն դադարեցրել է Սիերա Լեոնեին ֆինանսական օգնության տրամադրումը՝ հանցագործին արտահանձնելուց հրաժարվելու համար
Եվրահանձնաժողովը դադարեցրել է Սիերա Լեոնեին տրամադրվող ֆինանսական օգնությունը։ Պատճառն այն է, որ այդ երկիրը հրաժարվել է ձերբակալել և Նիդերլանդներին հանձնելու կոկաինի խոշոր մաքսանենգ Ջոս Լեյդեկերսին։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հոկտեմբերի 1-ին հայտարարել է Նիդերլանդների արդարադատության նախարար Դավիդ վան Վիլը։
Մասնավորապես, Եվրամիության որոշմամբ՝ կասեցվել են այս տարի Սիերա Լեոնեի համար նախատեսված 18 միլիոն եվրոյի (20 միլիոն դոլար) վճարումները ՝ նպատակ ունենալով ճնշում գործադրել երկրի վրա՝ Լեյդեկերսի դեմ միջոցներ ձեռնարկելու համար։ Վերջինս առնվազն 2023 թվականից ապաստան է գտել Սիերա Լեոնեում։
Նիդերլանդների քաղաքացի Լեյդեկերսը Նիդերլանդներում հեռակա կարգով դատապարտվել է 24 տարվա ազատազրկման՝ ավելի քան 7 մետրիկ տոննա կոկաինի մաքսանենգության համար։ Իսկ Բելգիայում տարբեր գործերով նա ընդհանուր առմամբ դատապարտվել է շուրջ 100 տարվա ազատազրկման։ Նա Եվրոպայի ամենապահանջված փախստականներից է։
Նիդերլանդները պահանջել են նրա արտահանձնումը, սակայն Սիերա Լեոնեն մինչ այժմ հրաժարվել է համագործակցել։
Վան Վիլը հայտարարել է, որ եթե երկիրը շարունակի հրաժարվել համագործակցությունից, կարող է կասեցվել նաև հաջորդ տարվա համար նախատեսված 22,5 միլիոն եվրոյի ֆինանսական օգնությունը։


