ԵՄ երկրները սկզբունքորեն համաձայնության են եկել 150 մլրդ եվրո բյուջեով պաշտպանության նոր հիմնադրամի ստեղծման շուրջ. ԶԼՄ-ներ
Եվրամիության անդամ երկրները սկզբունքորեն համաձայնել են ստեղծել 150 միլիարդ եվրո (168,3 միլիարդ դոլար) ընդհանուր բյուջեով Security Action for Europe (SAFE, Անվտանգության գործողություն Եվրոպայի համար) հիմնադրամ՝ ԵՄ պաշտպանությունն ուժեղացնելու համար: Այս մասին երկուշաբթի՝ մայիսի 19-ին, հայտնել են Reuters-ը և բրիտանական Financial Times թերթը։
ԵՄ դիվանագետը Reuters-ին ասել է, որ մարտին Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված հիմնադրամը կֆինանսավորվի համատեղ փոխառության միջոցով և վարկեր կտրամադրի ԵՄ անդամներին և այլ երկրներին, հատկապես Ուկրաինային, իրենց պաշտպանությունն ուժեղացնելու և եվրոպական զենքի արդյունաբերությունը զարգացնելու նախաձեռնությունների համար:
Բրյուսելից վերցված վարկերը կարող են օգտագործվել համատեղ գնումների համար՝ ուղղված Եվրոպայի վերազինմանը։