հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի

ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ է ընտրվել սոցիալիստների, դեմոկրատների և կանաչների ավստրիական խմբակցության ներկայացուցիչ Պետրա Բայրը։ Նա առաջին փուլում ստացել է բացարձակ մեծամասնություն՝ 164 ձայնով, իսկ մյուս թեկնածու Վիկտորիա Տիբլոմը (Շվեդիա, ALDE) 50 ձայն է ստացել։

Բայրը պաշտոնավարելու է մեկ տարի ժամկետով, որը կարող է մեկ անգամ երկարաձգվել։

Նշենք, որ նա հաջորդում է Թեոդորոս Ռուսոպուլոսին (Հունաստան), որը պաշտոնավարում էր 2024 թվականի հունվարից։ 

Երդմնակալության ելույթում, գովաբանելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արժեքը, ԵԽԽՎ նորընտիր նախագահն ասել է. «Մեզ միավորում է Եվրոպայի և աշխարհի՝ առանց պատերազմի տեսլականը։ Եվ մեզ միավորում են մեր բոլոր նվաճումները, մեր կոնվենցիաները և համոզմունքները։ Եվրոպայի խորհուրդը երբեք չպետք է լռի անարդարության առջև, երբ ժողովրդավարական նվաճումները գտնվում են աճող ճնշման տակ, և երբ անհատները զրկվում են իրենց ազատությունից միայն իրենց համոզմունքների պատճառով»:

 

  • Կիսվել: