Եգիպտոսն Իսրայելի կողմից Գոլանի բարձունքների չեզոք գոտու գրավումը համարել է Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները՝ Գոլանի բարձունքների չեզոք գոտու գրավումը համարելով Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում: Այս մասին տեղեկանում ենք Եգիպտոսի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունից:
Հայտարարության մեջ, մասնավորաապես, ասված է.«Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը դատապարտում է Իսրայելի կողմից Գոլանի չեզոք գոտու և հարակից հրամանատարական կետերի գրավումը»:
Շեշտվում է նաև, որ նման գործողությունները հակասում են միջազգային իրավունքին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը հայտնել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, անվտանգության գոտին ընդլայնել է 1973 թվականի Ահեղ դատաստանի պատերազմից հետո հաստատված սահմանազատման գծից այն կողմ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գոլանում Սիրիայի հետ ուժերի անջատման մասին համաձայնագիրն ուժը կորցրել է, քանի որ սիրիացի զինվորականները լքել են իրենց դիրքերը: Նա հստակեցրել է, որ պաշտպանության նախարարի և նախարարների կաբինետի աջակցությամբ ՑԱԽԱԼ-ին հրահանգել է զբաղեցնել սահմանազատման գոտին:
Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռանալու և զինված ընդդիմության կողմից երկրի տարածքի մի մասի գրավման ֆոնին Իսրայելը Գոլանի բարձունքներում ակտիվացրել է պաշտպանության ամրապնդումը: