կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դեկտեմբերի 1-ի դրությամբ ամբողջ աշխարհում բանտարկվել է 533 լրագրող, որոնցից 57-ը սպանվել է

Դեկտեմբերի 1-ի դրությամբ ամբողջ աշխարհում բանտարկվել է 533 լրագրող, որոնցից 57-ը սպանվել է

Փարիզում կենտրոնակայան ունեցող «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը 2022թ․ զեկույցում արձանագրել է, որ դեկտեմբերի 1-ի դրությամբ ամբողջ աշխարհում բանտարկվել է հանրության տեղեկացվածությունն ապահովող 533 լրագրող, որոնցից 57-ը սպանվել է։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Այս ցուցանիշը համարվում է լրագրողների ձերբակալությունների և սպանությունների ռեկորդային աճ (13.4%)` նախորդ տարվա համեմատ։ Կալանավորված կին լրագրողների թիվն էլ կրկնապատկվել է։ Բացի այդ լրատվամիջոցների 65 ներկայացուցիչ պատանդառվել է, իսկ 49-ը՝ առ այսօր անհետ կորած։

Լրագրողների իրավունքները ոտնահարած երկրների ցուցակում վատագույն հնգյակը գլխավորում է Չինաստանը՝ 110 բանտարկված լրագրողով։ Երկրորդ տեղում Մյանմարն է՝ 62 բանտարկված լրագրողով։ Երրորդ տեղում Իրանը՝ (47 լրագրող), չորրորդում՝ Վիետնամը (39 լրագրող): Հնգյակը եզրափակում է Բելառուսը՝ 31 բանտարկված լրագրողով։

Հիշյալ զեկույցն անդրադարձել է նաև Թուրքիային, որը նախորդ տարիներին կոչվում էր «լրագրողների բանտ»։ Նշվում է, որ հունիսից ի վեր Թուրքիայում կալանավորվել է երեք կին լրագրող և լրատվամիջոցի մեկ կին աշխատակից։ Ի դեպ՝ ձերբակալված լրագրողներից մեկը՝ «Jin News»-ի գլխավոր խմբագիր Սաֆիյե Ալաղաշը, մեղադրվել էր «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» համար, բայց այնուհետև ազատ էր արձակվել։

Ըստ հիշյալ զեկույցի՝ 2022 թվականի հունիսին Թուրքիայում տեղի ունեցած ձերբակալությունները ցույց են տալիս, որ քրդական լրատվամիջոցների վրա ճնշումների նոր ալիք է սկիզբ առել։

  • Կիսվել: