Դամասկոսի հույն ուղղափառ եկեղեցում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 22-ի, վիրավորներինը՝ 59-ի
Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հունիսի 22-ին երեկոյան պատարագի ժամանակ մայրաքաղաք Դամասկոսի Դուեյլաա շրջանում գտնվող հույն ուղղափառ Մար Էլիաս (Ս. Եղիա) եկեղեցու վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի, ևս 59 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Syria TV-ն։
Նախարարությունը հաստատել է, որ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու համար։Սիրիայի ներքին գործերի նախարար Անաս Խաթաբը հաստատել է հետաքննության մեկնարկը և հայտարարել, որ «այս հանցագործությունները չեն խանգարի սիրիացիներին միասնական լինել»։
Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նախնական հետաքննությունը ցույց է տալիս «Իսլամական պետության» ներգրավվածությունը հարձակման մեջ: Նախարարության խոսնակ Նուր ադ-Դին ալ-Բաբան մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հարձակման հեղինակը մահապարտ-ահաբեկիչ է եղել, որը մտել է եկեղեցի և կրակ բացելուց հետո պայթեցրել է իրեն:
Նա նաև հավելել է, որ «հարձակումն ուղղված չէր որևէ կոնկրետ դավանանքի դեմ, այլ բոլոր սիրիացիների դեմ էր»՝ պարզաբանելով, որ գործողության նպատակն էր կրոնական բախումներ ստեղծել և ապակայունացնել երկիրը:
Նա նաև նշել է, որ պաշտամունքի վայրերի անվտանգությունը «կարմիր գիծ» է, և որ գործողությանը ներգրավված բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն:
Հարձակումը խստորեն դատապարտել են տարբեր երկրներ ու կառույցներ, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան, Եվրոպական Միությունը, Թուրքիան, Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Իրաքը, Լիբանանը և Միացյալ Նահանգները։