շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Crocus City Hall-ի գործով Տաջիկստանում ինը ձերբակալված կա

Crocus City Hall-ի գործով Տաջիկստանում ինը ձերբակալված կա

Դուշանբեի արվարձաններից մեկի 9 բնակիչ ձերբակալվել է մարտի 22-ին մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակների հետ առնչություն ունենալու համար: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Տաջիկստանի հատուկ ծառայությունների իր աղբյուրը։

Այսպես՝ աղբյուրը, մասնավորապես, նշել է. «Վախդատ թաղամասի ինը բնակիչ ձերբակալվել էմարտի 22-ին Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացրած անձանց հետ կապի համար»:

Նշվում է, որ ձերբակալվածները կասկածվում են նաև «Իսլամական պետության» հետ կապեր ունենալու համար։

Նշենք, որ ահաբեկչություն կատարած անձինք հավաքագրվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աֆղանական թևի «Խորասանի ձայն» տաջիկական տելեգրամյան ալիքի միջոցով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 143 զոհի մասին: ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ մարդկանց վրա կրակած ահաբեկիչները ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, և որ նրանք ուղևորվում էին Ուկրաինա, քանի որ «այնտեղ կապեր ունեն»։

  • Կիսվել: