հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Չինաստանը մտահոգված է ՄԱԿ-ում ռուս դիվանագետների արտաքսման մասին ԱՄՆ-ի որոշմամբ

Չինաստանը մտահոգված է ՄԱԿ-ում ռուս դիվանագետների արտաքսման մասին ԱՄՆ-ի որոշմամբ

Չինաստանը մտահոգություն է հայտնում ՄԱԿ-ում 12 ռուս դիվանագետների արտաքսման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը:

«Չինական կողմը մտահոգված է ԱՄՆ-ի գործողություններով և հուսով է, որ Վաշինգտոնը սպառիչ բացատրություն կտա այդ կապակցությամբ»,- ասել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ որպես երկիր, որտեղ տեղակայված է ՄԱԿ-ը, ԱՄՆ-ը պետք է բարեխղճորեն կատարի ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի միջև կազմակերպության կենտրոնակայանի տեղակայման մասին համաձայնագիրը, անդամ պետությունների դիվանագետներին պատշաճ երաշխիքներ և հարմարություններ տրամադրի ծառայողական պարտականությունների կատարման համար, ինչպես նաև չպետք է չարաշահի ընդունող կողմի իրավունքները և միակողմանի որոշումներ կայացնի իր հայեցողությամբ:

Ավելի վաղ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտնել է, որ Վաշինգտոնը ՄԱԿ-ում 12 ռուս դիվանագետի անցանկալի անձ է հայտարարել. նրանց կարգադրված է երկիրը լքել մինչև մարտի 7-ը: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ռիչարդ Միլզի խոսքով՝ ռուս դիվանագետները իրենց պատասխանատվության ոլորտից դուրս և իրենց պարտավորություններին չհամապատասխանող գործունեություն են ծավալել:

  • Կիսվել: