հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Չինաստանը դեմ է Ճապոնիայի կողմից «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ջրի բացթողնմանը

Չինաստանը դեմ է Ճապոնիայի կողմից «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ջրի բացթողնմանը

Չինաստանը կտրականապես դեմ է, որ Ճապոնիան մի քանի օրից սկսի ՛՛Ֆուկուսիմա-1՛՛ ատոմակայանից ջրի բացթողումը: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վան Վենբինը:

Նա հայտարարել է. ՛՛Սա չափազանց եսասիրական և անպատասխանատու քայլ է՛՛:

Վենբինի խոսքով՝ Ճապոնիան պետք է ՛՛ուղղի իր սխալը և պատասխանատու կերպով տնօրինի միջուկային աղտոտված ջուրը՛՛:

Իր հերթին Չինաստանի արտաքին գործերի նախարար Սուն Վեյդոնգը երեքշաբթի օրը կանչել է Պեկինում Ճապոնիայի դեսպան Հիդեո Տարումիին՝ կապված ՛՛Ֆուկուսիմա-1՛՛ ատոմակայանի ռեակտորների սառեցման համար օգտագործվող ջուրը բաց թողնելու՝ Ճապոնիայի կառավարության որոշման պատճառով։

Նշենք, որ այսօր ավելի վաղ Ճապոնական ՛՛Ֆուկուսիմա-1՛՛ ատոմակայանի օպերատոր էներգետիկ ընկերությունը հայտնել է, որ սկսել է կայանից ռադիոակտիվ մասնիկներից մաքրված ջրի բացթողման նախապատրաստական աշխատանքները։

Հուլիսի 4-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հրապարակել էր զեկույց՝ նշելով, որ ջրի բացթողման Ճապոնիայի ծրագրերը համապատասխանում են միջազգային չափանիշներին։

 

  • Կիսվել: