CENTCOM. ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ թույլ չտալու համար Հորմուզի ականապատումը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերը, ըստ ամերիկյան հրամանատարության վարկածի, զբաղվում էին Հորմուզի նեղուցում ականների տեղադրմամբ։ Այս մասին օգոստոսի 30-ին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
CENTCOM-ում մերժել են իրանական կողմի հայտարարությունները, թե ամերիկացի զինվորականների գործողությունները Իրանի դեմ «ագրեսիայի ակտ» են եղել։
«ՓԱՍՏ. Ամերիկյան ուժերը սահմանափակ, բայց ճշգրիտ գործողություններ են իրականացրել ԻՀՊԿ-ի այն ուժերի դեմ, որոնք ականներ էին տեղադրում և անմիջական սպառնալիք էին ներկայացնում Հորմուզի նեղուցում»,- ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ։
Ինչպես ճշտել են հրամանատարությունում, գործողության նպատակը քաղաքացիական նավաստիների, առևտրային նավերի և միջազգային փոխադրումների համար վտանգի վերացումն էր։



