Բունդեսթագի պատգամավորները Ալիևի դեմ պատժամիջոցներ սահմանելու պահանջով դիմել են Մերկելին
ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս միջխորհրդարանական բարեկամական խմբի փոխնախագահներ Թիլ Մանսմանը (Ազատ դեմոկրատներ) և Ալբերտ Վայլերը (ՔԴՄ) բաց նամակով դիմել են ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելին՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքական այլ պատասխանատուների դեմ:
Նրանք նշել են. ՛՛Մենք վկայակոչում ենք Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի աղաղակող խախտումները, որը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի:
Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը՝ հոկտեմբերի վերջին գերմանական հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ իր կողմից սանձազերծված պատերազմի նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերին տեղահանելն է:
Սա էթնիկ զտում է, ինչը, որպես ռազմական հանցագործություն, պետք է դատապարտել՛՛:
Բունդեսթագի պատգամավորների նամակում նշվում է նաև, որ ԼՂ-ի քաղաքացիական բնակչության դեմ օգտագործվել են արգելված կասետային ռումբեր, ցուցադրաբար ներկայացվել են հայ ռազմագերիների գնդակահարման և գլխատման տեսանյութեր, ինչպես նաև սիրիական ծայրահեղական վարձկաններին յուրաքանչյուր գլխատված հայի համար խոստացվել է հարյուրական դոլար:
՛՛Որպես պատժամիջոցներ պետք է կիրառվեն հաշվեհամարների սառեցումը, ԵՄ մուտքի արգելքը, եվրոպական ավիաընկերություններից օգտվելու արգելքը, ինչպես նաև գերմանական և եվրոպական բանկերի հետ գործարքների խզումը՛՛,-նշված է բաց նամակում: