Բուլղարիայի պաշտպանության նախարարն ազատվել է աշխատանքից․ նա չի ցանկացել Ուկրաինա ՌԴ-ի ներխուժումը պատերազմ անվանել
Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը աշխատանքից ազատել է պաշտպանության նախարար Ստեֆան Յանեւին, քանի որ վերջինս հրաժարվել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա անվանել պատերազմ ։
Պետկովն ասել է, որ կոալիցիոն կառավարությունը երեքշաբթի օրը խորհրդարանին կխնդրի հաստատել Յանեւի հրաժարականը եւ այդ պաշտոնում նշանակել Տոդոր Տագարեւին, ով 2013թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար է եղել։
«Իմ պաշտպանության նախարարը չի կարող «պատերազմ» բառի փոխարեն «գործողություն» բառն օգտագործել։ Չի կարելի դա գործողություն անվանել, երբ երկու կողմերից հազարավոր զինվորներ են արդեն սպանվել»,-ասել է Պետկովը։
Նախագահ Ռումեն Ռադեւն ասել է, որ ռազմական ճգնաժամի պայմաններում պաշտպանության նախարարի փոփոխությունը ռիսկային է, եւ պատասխանատվությունն իշխող կոալիցիան կկրի:
Բուլղարիան պարտավորվել է ամրապնդել ՆԱՏՕ-ի արեւելյան թեւը եւ գլխավորել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությամբ մարտական խումբը, որը հիմնականում բուլղարական զորքերից է բաղկացած: Վերլուծաբաններն ասում են, որ Յանեւի փոխարինումը կարող է դրդել ՆԱՏՕ-ի դաշնակիցների ավելի շատ զորքեր տեղակայել Բուլղարիայում:
Իր ֆեյսբուքյան գրառման մեջ Յանեւը գրել է, թե ինքը նպատակաուղղված հարձակման թիրախ է դարձել, որի նպատակն է փոխարինել իրեն մեկով, ով ավելի բաց կլինի արտաքին շահերին համապատասխան որոշումներ կայացնելու համար, սակայն դրանք կարող են սպառնալիքի տակ դնել Բուլղարիայի անվտանգությունը։