Բրազիլիայի նախագահը հոսպիտալացվել է ուղեղի արնազեղման պատճառով
Բրազիլիայի նախագահ Լուիս Լուլա դա Սիլվան վիրահատվել է, նա ուղեղի արնազեղում է ունեցել։ Այժմ նա իրեն լավ է զգում։ Այս մասին տեղեկացրել է Globo պարբերականը՝ հղում կատարելով Sirio-Libanes հիվանդանոցի հայտարարությանը։
Դեկտեմբերի 9-ի երեկոյան Բրազիլիայի նախագահին հոսպիտալացրել են այն բանից հետո, երբ նա գլխացավ է ունեցել։ ՄՌՏ-ն ցույց է տվել ներգանգային արնազեղում, որն «առաջ է եկել դժբախտ պատահարի հետեւանքով, որը տեղի էր ունեցել հոկտեմբերի 19-ին»։ Այն ժամանակ տեղեկացվել էր, որ Լուլա դա Սիլվան ընկել է եւ հարվածել ծոծրակը։
Բժիշկները կրանիոտոմիա են կատարել, միջամտություն, որի դեպքում բացում են գանգը։ Վիրահատությունն իրականացվել է հեմատոման հեռացնելու համար։
Հիվանդանոցի հայտարարությունում ասված է, որ վիրահատությունն անցել է առանց բարդության։
«Ներկա պահին նախագահն իրեն լավ է զգում, գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում»,- ասել են հիվանդանոցում։