կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բորելը հայտարարել է, որ ԵՄ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն «Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական ակտիվությունը»

Բորելը հայտարարել է, որ ԵՄ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն «Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական ակտիվությունը»

Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարներն առաջիկա նիստում կքննարկեն «Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական ակտիվությունը»:

Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ամփոփելով Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցի արդյունքները:
«Զրուցել եմ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Լուրջ մտահոգությամբ հետևում եմ Ուկրաինայի շուրջ ռուսական ռազմական ակտիվությանը։ Հաջորդ նիստում Դմիտրի Կուլեբայի և ԵՄ արտաքին գործերի նախարարների հետ մենք կշարունակենք քննարկել ստեղծված իրավիճակը»,- Twitter-ում գրել է նա։
 
Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով ՌԴ-ի ուժերի ավելացման մասին ուկրաինացի զինվորականների հայտարարությունների կապակցությամբ Արևմուտքի երկրները վերջին օրերին բազմիցս մտահոգություն են հայտնել:
Ինչպես հինգշաբթի հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանի տարածքով ռուսական զորքերի տեղափոխումը չպետք է անհանգստացնի այլ պետություններին, քանի որ դա ոչ մի կերպ չի սպառնում նրանց: Նա նաև ընդգծել է, որ Դոնբասում տեղի ունեցող իրադարձությունները ներուկրաինական հակամարտություն են, որին ռուսական զորքերը երբեք չեն մասնակցել:
 
Դոնբասում իրադրությունը սրվել է փետրվարի վերջին, տարածաշրջանում գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում, այդ թվում՝ ականանետերի և նռնականետերի օգտագործմամբ: Կողմերը իրավիճակի սրման համար մեղադրում են միմյանց։

  • Կիսվել: