երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Բոլոր նրանք, ովքեր փորձում են ստիպել մեզ լռել, անհաջողության կմատնվեն. Ջեքի Սփիերը Հայոց ցեղասպանության մասին

Բոլոր նրանք, ովքեր փորձում են ստիպել մեզ լռել, անհաջողության կմատնվեն. Ջեքի Սփիերը Հայոց ցեղասպանության մասին

Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումն ԱՄՆ-ի կողմից հզոր ազդակ է դարձել բոլորի համար, ովքեր ձգտում են փոխել պատմությունը: Այս մասին Ցեղասպանության 107-րդ տարելիցի առթիվ տեսաուղերձով «Արմենպրեսին» հայտնել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբակցության համանախագահ Ջեքի Սփիերը:

«Որպես Կոնգրեսի՝ հայկական արմատներ ունեցող երկու անդամներից մեկը՝ պատիվ ունեմ նշել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը: Ինչպես եւ մեզնից շատերը, ես խորապես ծանր եմ տարել այդ ողբերգությունը, ինչպես իմ ընտանիքի պատմութան, այնպես էլ ողջ աշխարհի հայերի հավաքական ցավի միջոցով: Ես երբեք չեմ մոռանա մեծ վիշտը մորս աչքերում, երբ նա ինձ պատմում էր 1915 թ. ապրիլի 24-ի սարսափների մասին: Օսմանյան կայսրությունում մեկուկես հայերի անսիրտ, զանգվածային կոտորածը պատմության ամենամռայլ էջերից մեկն է եղել: Մենք պետք է շարունակենք դիմակայել այդ պատմությունը ջնջելու փորձերին»,- ասել է Սփիերը:

Նա մատնանշել է հպարտության պահը, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2021 թ. պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Սփիերն ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ էր օգնել Կոնգրեսում տարիներ առաջ Ցեղասպանության մասին բանաձեւը ներկայացնելուն:

«Նման գործողությունները հզոր ուղերձ են նրանց, ովքեր ցանկանում են փոխել պատմությունը: Սակայն մեր աշխատանքը դեռեւս ավարտված չէ: Թուրքիան շարունակում է հերքել Հայոց ցեղասպանության փաստը, ակտիվ աշխատել ողջ մնացածների վկայությունները լռեցնելու ուղղությամբ: Ողջ մնացածների ճշմարտության հերքումը ոչ միայն վիրավորում է մեր հասարակության զգացմունքները, այլեւ խրախուսում հանցագործներին: Անցյալ ամիս Ադրբեջանը կրկին սադրել է Արցախին՝ «մեկ գյուղ» գրավելով, թողնելով արցախցիներին ցրտի մեջ՝ 3 շաբաթով անջատելով գազը:  

Այսօր անկեղծորեն ճանաչելով Հայոց ցեղասպանության ողբերգությունը՝ մենք ազդակ ենք ուղարկում՝ ասելով, որ բոլոր նրանք, ովքեր փորձում են ստիպել մեզ լռել, անհաջողության կմատնվեն: Այսօր ես միանում եմ ձեզ՝ ոչ միայն հարգելու մեր նախնիների հիշատակը, որոնք սպանվել են օսմանցիների ձեռքով, այլեւ հաստատելու մեր պարտավորվածությունը հիշել նրանց՝ ի հեճուկս համաշխարհային մոռացության ու անարդարության: Մենք կարող ենք եւ պետք է երաշխավորենք, որ արդարությունը կվերականգնվի, եւ նրանց կորուստն ապարդյուն չի լինի»,- ասել է կոնգրեսականը:

 

  • Կիսվել: