չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բելգիան ափսոսանք է հայտնում, բայց չի փոխհատուցում Կոնգոյին.FP

Բելգիան ափսոսանք է հայտնում, բայց չի փոխհատուցում Կոնգոյին.FP

«Լեոպոլդ II թագավորի ուրվականը դեռ հետապնդում է Կոնգոն» վերնագրով հոդված է հրապարակվել France Press-ում, որում նշվում է, որ Բելգիայի թագավոր Ֆիլիպը Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետություն կատարած վեցօրյա այցի ընթացքում այդպես էլ ներողություն չխնդրեց գաղութատիրության ժամանակաշրջանի վայրագությունների համար՝ զայրացնելով Կոնգոյի ընդդիմությանն ու սփյուռքին: Բելգիայի թագավորի այցը, միաժամանակ, գնահատվել է որպես քայլ առաջ դաժան գաղութային անցյալից հետո:

Կոնգոյի խորհրդարանում ունեցած ելույթում թագավորը ափսոսանք է հայտնել գաղութային ռեժիմի «պատերմալիզմի, խտրականության և ռասիզմի» համար։ «Ցանկանում եմ վերահաստատել իմ խորին ափսոսանքը անցյալի այդ վերքերի համար», - ասել է նա, սակայն պաշտոնական ներողություն չի խնդրել:

«Բելգիայի կատարած հանցագործությունների համար ափսոսանքը բավարար չէ», հայտարարել է ընդդիմությունը:

«Թագավոր Լեոպոլդ II-ը՝ Ֆիլիպի նախապապի եղբայրը, այդ տարածքը որպես իր անձնական սեփականություն պահանջեց 1885 թվականին Բեռլինի կոնֆերանսի ժամանակ, դաժանորեն թալանեց երկիրը ավելի քան երկու տասնամյակ, մինչև այն դարձավ բելգիական գաղութ: Նա մեծ հարստություն կուտակեց Կոնգոյի հումքից, բայց մինչև մահ՝ 1909թ., երբեք ոտք չդրեց իր գաղութը, որը գրեթե 80 անգամ մեծ էր Բելգիայից»,- գրում է պարբերականը։

Ըստ փաստերի, այն ժամանակ Բելգիական Կոնգոյում ապրող 20 միլիոն մարդկանց կեսից ավելին կյանքը կորցրել է գաղութային իշխանությունների կատարած վայրագությունների և հարկադիր աշխատանքի պատճառով:

Բելգիացիները նաև թալանել են Կոնգոյի հարյուր հազարավոր առարկաներ, որոնք բերվել են Բելգիայի թագավորական Կենտրոնական Աֆրիկայի թանգարան և պահվում են մինչ օրս՝ կազմելով թանգարանի հավաքածուի ավելի քան 80 տոկոսը:

Թագավոր Ֆիլիպն այցելել է Կոնգոյի ազգային թանգարան Կինշասայում և հանձնել է Կակունգու կոչվող մեծ դիմակը: Բայց ինչպես ընդդիմությունն է նկատել, այն ընդմիշտ վերադարձնելու փոխարեն, «անժամկետ փոխառությամբ» տվել է այն երկրին, որտեղից վերցրել են:

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն էլ փետրվարին Կոնգոյի իշխանություններին է ներկայացրել 84,000 արտեֆակտների ցանկը, որոնք բերվել են Բելգիա մինչև 1960 թ. Կոնգոյի անկախացումը: Բելգիայի խորհրդարանը մտադիր է մինչև ամսվա վերջ օրենք հաստատել, որը հնարավորություն կտա վերադարձնել թալանված իրերը:

Մինչ սփյուռքը և ընդդիմադիր քաղաքական գործիչները պահանջում են փոխհատուցում, Կոնգոյի կառավարությունն ավելի շատ կենտրոնացած է առաջ շարժվելու վրա: «Մենք կանգ չենք առել անցյալի վրա, որը կա և վերանայման ենթակա չէ, բայց մենք պետք է նայենք ապագային»,- ասել է Կոնգոյի նախագահը ճեպազրույցի ժամանակ ՝ հավելելով, որ ինքը կենտրոնացած է Բելգիայի հետ համագործակցության ակտիվացման վրա:

  • Կիսվել: