Բայդենը ցավակցել է Էրդողանին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցավակցություն է հայտնել Թուրքիայի իր գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գծով դաշնակցին աջակցելու մասին, հաղորդում է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
«Նախագահ Բայդենը խորին ցավակցություն է հայտնել նախագահ Էրդողանին և Թուրքիայի ժողովրդին Ստամբուլում բռնության դրսևորման կապակցությամբ և հասկացրել, որ մենք աջակցում ենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակցին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Ստամբուլի կենտրոնում գտնվող մարդաշատ Իստիքլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ է մահացել, 81 մարդ՝ վիրավորվել։
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ կիրակի օրը Թուրքիայի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի համար կասկածվող անձը ձերբակալվել է, նա խոստովանել է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ կապերը։ Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն կասկած է հայտնել, որ ահաբեկչության կատարման ցուցումը ստացվել է Սիրիայի սահմանամերձ Քոբանի քաղաքից, իսկ կատարողն Աֆրին քաղաքով անցել է թուրքական տարածք: Սոյլուն երկուշաբթի հայտարարել է, որ իր երկրի իշխանությունները չեն ընդունում ահաբեկչության կապակցությամբ ԱՄՆ դեսպանատան ցավակցությունները:


