ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բայդենի վարչակազմը կարծում է, որ F-16-ների պոտենցիալ վաճառքը Թուրքիային բխում է ԱՄՆ շահերից

Բայդենի վարչակազմը կարծում է, որ F-16-ների պոտենցիալ վաճառքը Թուրքիային բխում է ԱՄՆ շահերից

Ջո Բայդենի վարչակազմը կարծում է, որ F-16 կործանիչների հնարավոր վաճառքը Թուրքիային կբխի ԱՄՆ ազգային անվտանգության շահերից, ինչպես նաեւ կծառայի ՆԱՏՕ-ի երկարաժամկետ միասնությանը։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի՝ Կոնգրեսին ուղղված նամակում, հայտնում է Reuters-ը։

Հոկտեմբերին Թուրքիան ԱՄՆ-ին խնդրել էր 40 Lockheed Martin F-16 կործանիչ եւ մոտ 80 արդիականացման հավաքածու գնել գոյություն ունեցող մարտական ​​ինքնաթիռների համար։ Վաշինգտոնն առայժմ ձեռնպահ է մնում վաճառքի վերաբերյալ որեւէ կարծիք հայտնելուց՝ հայտարարելով, որ այն պետք է զենքի վաճառքի ստանդարտ գործընթաց անցնի:

Ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային խնդրահարույց դարձավ այն բանից հետո, երբ Անկարան ռուսական արտադրության հակահրթիռային համակարգեր ձեռք բերեց, ինչն ԱՄՆ պատժամիջոցների հանգեցրեց եւ բացառեց Թուրքիային F-35 կործանիչների ծրագրից։

Պետքարտուղարության նամակը թվագրված է մարտի 17-ով եւ ստորագրված է գործակալության բարձրագույն օրենսդիր պաշտոնյա Նազ Դուրաքօղլուի կողմից։ Այն ընդունում է լարված հարաբերությունները, բայց, միեւնույն ժամանակ, Թուրքիայի աջակցությունն ու պաշտպանական կապերն Ուկրաինայի հետ որպես «տարածաշրջանում չարագործ ազդեցության կարեւոր զսպող միջոց» է նկարագրում:

Թեեւ նամակը վաճառքի երաշխիքներ կամ ժամկետներ չի պարունակում, այն ընդգծում է, որ Վաշինգտոնի պատժիչ գործողություններն Անկարայի կողմից ռուսական «Ս-400» համակարգերի գնման հետեըանքով «բարձր գին» են ներկայացնում։

«Վարչակազմը կարծում է, որ, այնուամենայնիվ, կան ՆԱՏՕ-ի միասնության եւ կարողությունների, ինչպես նաեւ ԱՄՆ ազգային անվտանգության, տնտեսական եւ առևտրային շահեր, որոնք աջակցվում են Թուրքիայի հետ ԱՄՆ-ի պաշտպանական առեւտրային կապերով», - ասվում է նամակում: Առաջարկվող վաճառքը Կոնգրեսին ծանուցում կպահանջի, եթե Պետդեպարտամենտը հաստատի այն:

Պետքարտուղարության նամակը պատասխան էր դեմոկրատ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեի եւ երկու կուսակցությունների ավելի քան 50 օրենսդիրների կողմից փետրվարի 4-ին ուղարկված նամակին, որում նրանք Բայդենի վարչակազմին կոչ էին անում հրաժարվել վաճառքից:

  • Կիսվել: