հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բաքվում Ուկրաինայի դեսպանատունը «Ղարաբաղը ազատագրած ադրբեջանցի զինվորների» պատվին տեսահոլովակ է հրապարակել

Բաքվում Ուկրաինայի դեսպանատունը «Ղարաբաղը ազատագրած ադրբեջանցի զինվորների» պատվին տեսահոլովակ է հրապարակել

Բաքվում Ուկրաինայի դեսպանատունը դիվանագիտական կոռեկտության տեսանկյունից կասկածելի բովանդակությամբ տեսանյութ է հրապարակել։ Այն հսրապարակել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանեւսկին։

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ զինված ագրեսիայի հենց սկզբից Ուկրաինայի քաղաքացիներ  էթնիկ ադրբեջանցիները լծվել են պետության պաշտպանության գործին։ Ուկրաինայի Զինված ուժերի շարքերում մեր եղբայրները հերոսաբար պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ հողերն ազատագրելով օկուպանտներից»,-ասվում է 7 րոպեանոց տեսանյութում։

Ու թեեւ Հայաստանն ու Արցախն ուղղակիորեն չեն հիշատակվում, ենթատեքստն ակնհայտ է եւ խիստ բացասական էմոցիաներ է առաջացնում։

Ռադայի պատգամավոր Բոգդան Մատկիվսկն ասում է․ «Որքան դրական ընդունվեց մեր զինծառայողների կողմից, որ Ադրբեջանը կարողացավ առաջ գնալ։ Մենք դիմել ենք այն երկրներին, որոնց հողերը օկուպացվել են, բռնակցվել են, ինչպես եւ Ուկրաինան։ Իսկ նման երկրները շատ են։ Ադրբեջանը Ղարաբաղն է, Ճապոնիայում՝  Կուրիլյան կղզիները, Կալինինգրադը (Ճապոնիայից բռնակցվե՞լ է)։ Եվ մեզ համար շատ կարեւոր է, որ Ադրբեջանը վերադարձրել է իր հողերը»։

Այնուհետեւ գովեստի տեսահոլովակի մյուս հերոսները հնչեցնում են նման արտահայտություններ՝ «որպեսզի նրանք (ուկրաինացիները) իմանան, որ մենք պաշտպանում ենք ոչ միայն Ղարաբաղը, այլեւ Ուկրաինան», «ինչպես ադրբեջանական բանակը հաղթանակ տարավ Ղարաբաղում, ուկրաինական բանակը նույնպես հաղթանակ կտանի»։

Փաստացի տեսահոլովակում հնչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի ուղղակի գովերգումը։ Հրապարակելով նման բովանդակությամբ հոլովակ՝ Ուկրաինայի դեսպանատունը գովաբանում է հայ զինվորականների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական զինվորականների կողմից իրականացված ագրեսիան եւ հանցագործությունները։

  • Կիսվել: