ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Աճում է անհանգստությունը, որ Պուտինը կարող է մարտավարական միջուկային զենք կիրառել Ուկրաինայում. Daily Mail

Աճում է անհանգստությունը, որ Պուտինը կարող է մարտավարական միջուկային զենք կիրառել Ուկրաինայում. Daily Mail

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Հիրոսիմայի և Նագասակիի վրա միջուկային հարձակումներին, ինչն էլ անհանգստացրել է արևմտյան առաջնորդներին, հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։

Ըստ աղբյուրների՝ Պուտինը կարծիք է հայտնել, որ ռմբակոծությունները, որոնք հանգեցրին ճապոնացիների կապիտուլյացիային և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, ցույց տվեցին, որ «հաղթելու համար չպետք է հարձակվել խոշոր քաղաքների վրա»։

ԱՄՆ-ը 1945 թվականի օգոստոսի 6-ին և 9-ին ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա երկու ատոմային ռումբ նետեց: Ռմբակոծությունների հետևանքով զոհվեց 129.000-226.000 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ էին: Օգոստոսի 15-ին Ճապոնիան կապիտուլացվեց։

Աղբյուրը նշել է. «Մակրոնն ակնհայտորեն անհանգստացած էր։ Դա հնչել է որպես շատ լուրջ ակնարկ, որ Պուտինը կարող է մարտավարական միջուկային զենք կիրառել Ուկրաինայի արևելքում, որտեղ ռուսական զորքերը մեծ ձախողումներ են ունենում՝ միաժամանակ Կիևը թողնելով անձեռնմխելի»:

Պաշտոնյաները զգուշացրել են, որ ՌԴ նախագահը կարող է «միջուկային հարձակման դիմել» այն դեպքում, երբ ուկրաինական զորքերը հարձակվեն Ռուսաստանը և Ղրիմը միացնող ավտոմոբիլային կամրջի վրա, ինչը, ըստ Ռուսաստանի նախագահի, «կնշանակի անցել կարմիր գիծը և կհանգեցնի «դատաստանի օրվան»:

Պուտինը զգուշացրել է, որ «եթե արևմտյան ուժերը վտանգի տակ դնեն ռուսական տարածքի «ամբողջականությունը», ապա մենք, անշուշտ, կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները» և հավելել. «Սա բլեֆ չէ»:

Կիևի զինված ուժերը շարժվում են Խերսոնի՝ ռազմավարական նավահանգստի, ուղղությամբ, մոտ 70 հազար մարդ արդեն դուրս է բերվել քաղաքից: Ըստ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի՝ Խերսոնի համար հնարավոր ճակատամարտը որոշիչ կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունում։

  • Կիսվել: