կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արձագանքներ նախագահ Պուտինի վերաբերյալ նախագահ Բայդենի հայտարարություններին

Արձագանքներ նախագահ Պուտինի վերաբերյալ նախագահ Բայդենի հայտարարություններին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր հայտարարությունները ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի վերաբերյալ տագնապալի են։ Այսպես է նրա խոսքերը գնահատել Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ գրում է РИА Новости-ն։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում պատասխանել է ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությանը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված արտահայտության վերաբերյալ։

ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղարն իր գրառման մեջ նախ մեջբերել է Պետդեպարտամենտի մեկնաբանությունը՝ «Վլադիմիր Պուտինի մասին Ջո Բայդենի հայտարարությունները արվել են հույզերի ազդեցության տակ և չեն արտացոլում Սպիտակ տան պաշտոնական կուրսը. ԱՄՆ պետդեպարտամենտի խորհրդական», ապա պատասխանել. «Աստված պահպանի Ամերիկան»:

Մարտի 26-ին Բայդենը Վլադիմիր Պուտինին անվանել էր «մսագործ» և հավելել, որ Ռուսաստանի ղեկավարը «չի կարող մնալ իշխանության ղեկին»։ Այդ միջադեպից հետո լրագրողները Միացյալ Նահանգների նախագահին հարցրին, թե արդյոք նա կոչ է անում իշխանափոխությո՞ւն իրականացնել Ռուսաստանում, ինչին Սպիտակ տան ղեկավարը բացասական պատասխան է տվել։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, մեկնաբանելով Վարշավայում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանում իշխանություն փոխելու նպատակ չունի: «Մենք երկուսս էլ միակարծիք ենք, որ ռեժիմի փոփոխությունն օրակարգում չէ, և դա մեր համատեղ վարած քաղաքականության նպատակը չէ»,- ասել է Շոլցը:

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելն էլ հայտարարել է, որ չնայած «Ուկրաինայում ռազմական հանցագործություններին»՝ պետք է շարունակել երկխոսությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ անկախ նրանից՝ «դա դուր է գալիս թե ոչ»։

Իսկ Wall Street Journal-ի հոդվածի հեղինակը ԱՄՆ նախագահին խորհուրդ է տվել նոր խորհրդականներ ունենալ: Հոդվածագրի համոզմամբ՝ Ռուսաստանի նախագահ Պուտինի դեմ իր հայտարարություններով Բայդենը կարող է բարդացնել Մոսկվայի հետ երկխոսությունը բոլոր թեմաների շուրջ:

  • Կիսվել: