Արաբական պետությունները Լիբանան ներխուժումը կդիտեն որպես ոտնձգություն արաբական ազգային անվտանգության դեմ
Ցանկացած ներխուժում Լիբանանի տարածք կամ դրա մասնակի օկուպացիան իրենից կներկայացնի ոտնձգություն համաարաբական ազգային անվտանգության դեմ: ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ նման հայտարարություն են տարածել Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամները Կահիրեում մշտական ներկայացուցիչների մակարդակով կազմակերպության խորհրդի արտակարգ նիստի արդյունքներով:
«Դատապարտում ենք Իսրայելի շարունակվող բարբարոսական ագրեսիան Լիբանանի դեմ և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այն, քանի որ նման գործողությունները լուրջ վտանգներ են ներկայացնում տարածաշրջանային կայունության համար: Մենք նաև հաստատում ենք, որ ցանկացած ներխուժում Լիբանանի տարածք և դրա որևիցե մասի օկուպացիան կհամարենք ոտնձգություն համաարաբական ազգային անվտանգության դեմ»,- ասված է կոմյունիկեում, որը տարածել է Իրաքի Shafaq News տեղեկատվական հարթակը։
Արաբական պետությունների լիգայի արտահերթ նիստի մասնակիցները կոչ են արել երկրներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պատրաստվում են մարդասիրական օգնություն տրամադրել լիբանանցիներին, «արագացնել դրա առաքումը»: ԱՊԼ-ի խորհուրդը նաև հայտարարել է իր աջակցությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին` վերջինիս Իսրայելում «պերսոնա նոն գրատա» հայտարարելու առնչությամբ:
Լիբանանում տիրող իրավիճակի հարցով Արաբական պետությունների լիգայի արտակարգ նիստը կայացել է Իրաքի խնդրանքով։