Անկում պատմական առավելագույնից. ոսկու և արծաթի գները զիջում են դիրքերը
Միջազգային շուկաներում թանկարժեք մետաղների գները կտրուկ անկում են ապրում։ Շաբաթներ շարունակ գրանցվող պատմական ռեկորդներից հետո շուկան մտել է սրընթաց նվազման փուլ։
Արծաթի շուկայում մեկ օրում գինը նվազել է շուրջ 12,7%-ով՝ հասնելով $74,34-ի։ Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ արծաթը վաճառվում էր ռեկորդային՝ մոտ $121,6-ով։
Նույնպիսի պատկեր է նաև ոսկու շուկայում։ Մեկ ունցիայի արժեքը նվազել է ավելի քան 4%-ով՝ իջնելով $4,700-ի սահմանագծից։ Սա վերջին տասնամյակի ամենակտրուկ անկումներից մեկն է օրվա կտրվածքով։ Ընդամենը կարճ ժամանակ առաջ ոսկու արժեքը իր գագաթնակետին էր՝ մոտ $5,600 մակարդակում։
Վերլուծաբանները միակարծիք են. շուկայի կտրուկ արձագանքի գլխավոր դրդապատճառը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կադրային որոշումն է։ Դաշնային պահուստային համակարգի (FED) նախագահի պաշտոնում Քևին Ուորշի առաջադրումը ներդրողներին հուշում է, որ սպասվում է խիստ դրամավարկային քաղաքականություն և տոկոսադրույքների հնարավոր բարձրացում։
Գների անկմանը նպաստել է նաև զանգվածային շահույթի ֆիքսումը։ Ամիսներ շարունակվող աճից հետո, երբ կենտրոնական բանկերն ու սպեկուլյանտները (հատկապես Չինաստանից) ակտիվորեն գնում էին ֆիզիկական ոսկի, շուկան դարձել էր «գերշիկացած»։ Այժմ ներդրողները նախընտրում են ամրագրել իրենց եկամուտները և վաճառել կուտակված ակտիվները։
Չնայած ոսկին երկար ժամանակ պահպանում էր իր դիրքը որպես խնայողությունների պահպանման ապահով միջոց, ներկայիս տնտեսական անորոշությունն ու քաղաքական նոր վեկտորը ստիպեցին շատերին դուրս գալ խաղից՝ ձեռքի տակ ունենալով իրական շահույթ։


