հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱՄՆ-ը երախտագետ է Փաշինյանի հանձնառությանը և ողջունում է Ալիևի հայտարարությունը

ԱՄՆ-ը երախտագետ է Փաշինյանի հանձնառությանը և ողջունում է Ալիևի հայտարարությունը

Ուրախ ենք տեսնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում խաղաղության հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնառության առթիվ և ողջունում նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները համաներման հնարավորության մասին: Ասվում է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։ 

«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այս շաբաթա վերջին Քիշնևում կհանդիպեն մեր եվրոպացի գործընկերների հետ: Եվ մենք հուսով ենք, որ դա արդյունավետ քայլ կլինի բանակցությունների սեղանի շուրջ այս խնդիրները լուծելու ուղղությամբ, այլ ոչ թե բռնության կիրառմամբ»,-  ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը։

Նրա խոսքով «ագրեսիվ հռետորաբանությունը կարող է հանգեցնել միայն անցյալի բռնության շարունակականության, կառուցողական երկխոսությունը ինչպես հրապարակային, այնպես էլ փակ, կարող է ստեղծել խաղաղություն, հնարավորություններ և հույս»։

«Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել երկու կողմերի ջանքերին՝ կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու համար»,- հավաստիացրել է Միլլերը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Արցախի խորհրդարանը պետք է լուծարվի․ «Տարրը, որ իրեն նախագահ է անվանում, պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և այլք պետք է լքեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում նրանց նկատմամբ կարող է ներողամտություն ցուցաբերվել։ Միայն այդ դեպքում կարող է խոսք լինել ինչ-որ համաներման մասին»։

Այս հայտարարությանն արձագանքել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով․ «Առնվազն հասկանալի չեն Ադրբեջանի նախագահի երեկ արած մի շարք հայտարարություններ։ Ես կարծում եմ՝ այստեղ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները պետք է առնվազն պարզաբանեն, թե արդյո՞ք դա նշանակում է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: