երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ԱՄՆ-ը բացառել է Լեհաստանում և Բալթյան երկրներում զորքերի կրճատման հնարավորությունը

ԱՄՆ-ը բացառել է Լեհաստանում և Բալթյան երկրներում զորքերի կրճատման հնարավորությունը

Վաշինգտոնը չի ծրագրում դիտարկել Լեհաստանում և Բալթյան երկրներում մշտապես տեղակայված ամերիկյան զորքերի թվի կրճատման հնարավորությունը։ Այդ մասին ուրբաթ հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Էմիլի Հորնը։

Նրա հայտարարությունը պատասխան էր NBC-ի հրապարակմանը, որում ասվում էր, որ հարցը կարող է բարձրացվել ամերիկյան կողմի և Մոսկվայի միջև հաջորդ շաբաթ կայանալիք բանակցությունների ընթացքում։

Հունվարի 10-ին Ժնևում ԱՄՆ-ի և Ռուսաստանի հանդիպման ժամանակ ամերիկացի պաշտոնյաները կքննարկեն միայն երկկողմ անվտանգության հարցեր, լրագրողներին ասել է պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան և հավելել, որ Միացյալ Նահանգները խնդրահարույց է համարում Եվրոպայից ամերիկյան միջուկային զենքը դուրս բերելու Ռուսաստանի կոչերը:

Միաժամանակ, ՆԱՏՕ-ն կարող է համաձայնել դուրս բերել իր զորքերը Ռուսաստանի հետ սահմաններից, եթե լարվածությունը թուլանա ռուս-ուկրաինական սահմանին, այս մասին գրել է բրիտանական Daily Telegraph-ը՝ մեկնաբանելով անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի հետ առաջիկա բանակցությունները:

Պարբերականը նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն կհրաժարվի ստանձնել դեպի արևելք չընդլայնվելու պարտավորությունը, քանի որ կառույցի կանոնադրական փաստաթղթերն այլ երկրներին թույլ են տալիս  ցանկության դեպքում միանալ դաշինքին:

  • Կիսվել: