երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտգործնախարարի հետ

ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտգործնախարարի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Թիլուեբերդիի հետ՝ կապված Ղազախստանում շարունակվող արտակարգ դրության հետ, տեղեկացնում են ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունից:

Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը Ղազախստանի սահմանադրական ինստիտուտներին և ԶԼՄ-ների ազատությանը և հանդես է եկել ճգնաժամի խաղաղ, իրավունքները հարգող հանգուցալուծման օգտին:

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին՝ պայմանավորված հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմամբ։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել։

Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են ուղարկվել Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բելառուսի զինվորականները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրապարակ են բերվել զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ, ինչպես նաև զինված ուժերով բեռնատարներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 50 միավոր տեխնիկա։ Կարգուկանոնի հաստատման ժամանակ վիրավորվել է 317 ոստիկան, Ազգային գվարդիայի զինվորականներ, զոհվել է 12 մարդ, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը

  • Կիսվել: