ԱՄՆ-ն ընդլայնել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցուցակը, որտեղ ընդգրկվել է նաեւ հայկական ընկերություն
ԱՄՆ-ն եւս 28 իրավաբանական եւ 14 ֆիզիկական անձի է ավելացրել Ռուսաստանի հետ կապված պատժամիջոցների ցուցակում: Այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:
՛՛ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը՝ (OFAC) ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ միասին, պատժամիջոցներ է սահմանել անդրազգային ցանցի դեմ, որը գնում է տեխնոլոգիաներ, որոնք աջակցում են ռուսական ռազմարդյունաբերական համալիրին՛՛,-ասված է ԱՄՆ Ֆիննախի տարածած հաղորդագրության մեջ։
Սահմանափակումները վերաբերում են, մասնավորապես, հայկական Milur Electronics LLC ընկերությանը եւ Շվեյցարիայի՝ դրա հետ կապված քաղաքացի Ժակ Փաշային, Էստոնիայի եւ Շվեյցարիայի քաղաքացի Հոլգեր Լենգին եւ ռուսաստանցի Միխայիլ Պավլյուկին, թայվանական Sharp Edge Engineering Inc.-ին, շվեյցարական Alstone Investment AG ընկերությանը, ինչպես նաեւ Դաշնության խորհրդի անդամ Սուլեյման Քերիմովի հարազատներին, մասնավորապես նրա եղբորորդի Նարիման Հեջիեւին ու նրա հետ կապված Constellation Advisors Ltd ընկերությանը եւ ուրիշների։
Պատժամիջոցների տակ են հայտնվել նաեւ ութ ինքնաթիռներ, որոնք շահագործվում են Emperor Aviation-ի կողմից:
Նախարարությունից նաեւ հայտնել են, որ ԱՄՆ-ը կշարունակի ՛՛թիրախավորել Ռուսաստանի ջանքերը՝ իր սպառազինությունը համալրելու համար՛՛, այդ թվում՝ ցանկացած օտարերկրյա անձի, որն աջակցում է ՌԴ-ին այդ հարցում:


