ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցի շրջափակումը
ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը, սկսում է Հորմուզի նեղուցի շրջափակումը՝ կատարելով նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարականը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրամանատարությունը խոստացել էր ապրիլի 13-ի ժամը 18:00-ից (Երևանի ժամանակով) սկսել իրանական նավահանգիստներ մտնող և այնտեղից դուրս եկող ողջ ծովային երթևեկության շրջափակումը: Ընդգծվում էր, որ խոսքն ինչպես Պարսից ծոցի, այնպես էլ Օմանի ծոցի նավահանգիստների մասին է, որոնք միմյանց հետ կապվում են Հորմուզի նեղուցով:
Հավելենք նաև, որ Իրանը և ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփն ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին:
Ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:
Ավելի ուշ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը: Նա նաև հանձնարարեց ԱՄՆ ՌԾՈւ-ին հետևել և կանգնեցնել այն բոլոր նավերը, որոնք նեղուցով անցնելու համար վճարել են Իրանին:
Թարմացում. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատեց, որ Իրանի ծովային շրջափակումն ուժի մեջ է մտել։
Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա նշեց, որ ծովային շրջափակումն ուժի մեջ է մտել ապրիլի 13-ի ժամը 10:00-ին։
Նրա պնդմամբ՝ ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման վերջնական նպատակը Թեհրանին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելն ու նեղուցները բացելն է։


