ԱՄՆ-ն պատժամիջոցների ցանկում է ներառել իրանական, թուրքական և գերմանական մի շարք կազմակերպություններ
ԱՄՆ-ն պատժամիջոցային ցանկում ներառել է Իրանի 9 քաղաքացու, 47 իրանական կազմակերպություն, ինչպես նաև թուրքական և գերմանական մեկական կազմակերպություն: Այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հաղորդագրության մեջ ասված է. ՛՛ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակն այսօր գործողություններ է ձեռնարկել՝ ընդդեմ Իրանի գերագույն առաջնորդին աջակցող ցանցի՝ իսլամական հեղափոխության «Մոստաֆազան» հիմնադրամի, որտեղ ընդգրկված է իրանական տնտեսության տարբեր հատվածներից շուրջ 160 հոլդինգ՛՛:
Ըստ Ֆինանսների նախարարության՝ հիմնադրամը ՛՛իբրև բարեգործական կազմակերպություն է՛՛, սակայն այդտեղ ընդգրկված հոլդինգներն ՛՛օտարվել են Իրանի ժողովրդից և գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի կողմից օգտագործվում են սեփական գրասենյակի հարստացման, քաղաքական դաշնակիցների պարգևատրման և թշնամիների հետապնդման համար՛՛:
Նշվում է նաև, որ պատժամիջոցային ցանկում հայտնված մարդկանցից մեկը Իրանի հետախուզության և անվտանգության հարցերով նախարար Մահմուդ Ալավին է: