հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
ԱՄՆ-ն նույնպես Կիևից պահանջում է հրաժարվել ամբողջ Դոնբասից. Զելենսկի

ԱՄՆ-ն նույնպես Կիևից պահանջում է հրաժարվել ամբողջ Դոնբասից. Զելենսկի

Ուկրաինայում պատերազմի դադարեցման բանակցություններում ԱՄՆ-ն զբաղեցնում է նույն դիրքորոշումը, ինչ Ռուսաստանը՝ պահանջելով Կիևից հրաժարվել ամբողջ Դոնբասից։ Այս մասին AFP գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Եվ ամերիկացիները, և ռուսները ասում են․ եթե ցանկանում եք, որ պատերազմը վաղը ավարտվի, դուրս եկեք Դոնբասից»,-նշել է նա:

Նրա խոսքով՝ տարածքային հարցերը շարունակում են մնալ հրադադարի շուրջ բանակցությունների հիմնական խոչընդոտը, որոնք Մոսկվան և Կիևը վարում են ԱՄՆ-ի միջնորդությամբ։

Ռուսաստանը հավակնում է ամբողջ Դոնբասին, թեև նրա զորքերը վերահսկում են այդ տարածաշրջանի միայն մի մասը։ Ուկրաինան կտրականապես մերժում է այդ պահանջները և պնդում է ճակատային գծի սառեցման վրա։

Ներկայում Ուկրաինայի զինված ուժերը վերահսկում են Դոնեցկի մարզի մոտ մեկ հինգերորդը, մինչդեռ ՌԴ զորքերը գրեթե ամբողջությամբ զբաղեցրել են Լուգանսկի մարզը։

Զելենսկին հավելել է, որ հրադադարի դեպքում եվրոպական զորքերը պետք է տեղակայվեն սառեցված շփման գծի մոտ։

  • Կիսվել: