երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՄՆ-ն  Իրանի արտգործնախարարին վիզա չի տրամադրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար

ԱՄՆ-ն Իրանի արտգործնախարարին վիզա չի տրամադրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար

ԱՄՆ-ն հրաժարվել  է վիզա տրամադրել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին, որը մտադրված էր հունվարի 9-ին մասնակցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ անանուն պաշտոնյայի:

ԱՄՆ-ն, որպես երկիր, որի տարածքում է գտնվում ՄԱԿ-ի գրասենյակը, պարտավոր է վիզա տրամադրել բոլոր երկրների դիվանագետներին, սակայն ժամանակ առ ժամանակ մերժում է որոշ անձանց պատճառաբանելով իր մերժումը «անվտանգության և ահաբեկչության տեսանկյունից» սպասվող վտանգներով:

Ավելի վաղ Զարիֆը ԱՄՆ վիզա ստացել և մասնակցել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստերին, սակայն նրա տեղաշարժը ԱՄՆ տարածքում եղել է խիստ հսկողության տակ:

ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Իրանի արտգործնախարարը, իր երկրի կառավարության մյուս անդամների պես կոշտ քննադատության էր ենթարկել ԱՄՆ-ին:

Հիշեցնենք, որ  հունվարի 3-ին ԱՄՆ հատուկ գործողության արդյունքում Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սուլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել նրա սպանության համար։  ԱՄՆ Զինված ուժերը  իրանցի գեներալի սպանությունից հետո բարձր մարտունակության են բերվել:

 

  • Կիսվել: