ԱՄՆ-ն գոհ է Սիրիայում իրադարձությունների ընթացքից. պետքարտուղար
ԱՄՆ-ն գոհ է Սիրիայում իրադարձությունների ընթացքից՝ չնայած խնդիրներին և քրդական փոքրամասնության խմբերի հետ բանակցություններին: Այս մասին այսօր Բրատիսլավայում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, տեղեկացնում է AFP-ն։
Նա, մասմավորապես, ասել է. «Կային մի քանի օրեր, որոնք շատ տագնապալի էին, բայց մեզ դուր է գալիս զարգացումների ուղղությունը: Պետք է շարունակենք նույն ոգով։ Ունենք լավ պայմանավորվածություններ»։
Ռուբիոն նաև հավելել է, որ այժմ անհրաժեշտ է համաձայնագիր կնքել Սիրիայի իշխանությունների և քրդական փոքրամասնության միջև, ինչը, ըստ նրա, «հեշտ չի լինի»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիրիայի անցումային կառավարության ուժերը Թուրքիայի աջակցությամբ գրավել են Հալեպի քրդաբնակ Շեյխ Մասուդ և Աշրաֆիա թաղամասերը։ Այնուհետև նրանք բավականին արագ ստիպել են քրդական ուժերին նահանջել Դեյր Հաֆիրից։
Ավելի ուշ Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) հետ ձեռք է բերել համապարփակ համաձայնություն, որը ներառում է կրակի դադարեցում և SDF-ի փուլային ռազմական ու վարչական ինտեգրում։


