կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄՆ-ն F-16 կործանիչների մատակարարման վերաբերյալ գրություն է ուղարկել Թուրքիա

ԱՄՆ-ն F-16 կործանիչների մատակարարման վերաբերյալ գրություն է ուղարկել Թուրքիա

ԱՄՆ-ն Թուրքիայի պաշտպանության նախարարություն է ուղարկել 40 նոր F-16 կործանիչի մատակարարման և Թուրքիայի սպառազինությունում առկա 79 միավոր F-16 կործանիչի արդիականացման վերաբերյալ գրություն: Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը, գրում է ermenihaber.am-ը:  

Հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիայի զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներում մեկնարկել են կարիքների ուսումնասիրման և գնահատման աշխատանքները: Իսկ դրանց ավարտից հետո նախատեսվում է կողմերի հանդիպում, որտեղ էլ իրականացվելու են համատեղ ուսումնասիրման և գնահատման աշխատանքներ:

«Արժեքը կկազմվի ըստ ցանկի և ապրանքների: Այս համաձայնագրի ընդհանուր արժեքը պարզ կլինի, երբ վերջնական համաձայնության փուլ մտնենք: Արդյունաբերությունը և արդիականացման գործողությունները Թուրքիայում իրականացնելու վերաբերյալ մեր առաջարկն ուղարկվել է մեր ամերիկացի գործընկերներին»:

Բացի այդ Թուրքիայի պաշտպանության նախարարության հետ կապ ունեցող աղբյուրները տեղեկություններ են տրամադրել եվրոպական (իսպանական, անգլիական և գերմանական արտադրության) «Eurofighter Typhoon» կործանիչների գնման գործընթացի վերաբերյալ:

Ըստ այդմ՝ դրանց ձեռքբերման հարցում համատեղ արտադրող հանդիսացող մյուս երկրները Գերմանիայից դրական մոտեցում են ակնկալում:

«Մեծ Բրիտանիայի և արտադրող ընկերության ներկայացուցիչների հետ տեխնիկական հանդիպումները շարունակվելու են»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը փետրվարի 27-ին պաշտոնական այցով եղել էր Մեծ Բրիտանիայում:

Գյուլերը հանդիպում էր ունեցել Մեծ Բրիտանայի պաշտպանության նախարար Գրանդ Շափսի և գլխավոր շտաբի պետ, ծովակալ Դեյվիդ Ռադաքինի հետ:

  • Կիսվել: