կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԱՄՆ-ն Էրդողանին ակնարկել է հրաժարվել ագրեսիվ հռետորաբանությունից Հունաստանի հարցում

ԱՄՆ-ն Էրդողանին ակնարկել է հրաժարվել ագրեսիվ հռետորաբանությունից Հունաստանի հարցում

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Հունաստանի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությանը, որտեղ նա թուրք-հունական լարվածության ֆոնին սպառնացել էր Աթենքին: Էրդողանը մասնավորապես բառացի ասել էր. «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ», գրում է ermenihaber.am-ը:

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության գրավոր հայտարարության՝ իրենք կողմ են, որ ՆԱՏՕ-ի անդամներ և ԱՄՆ-ի դաշնակիցներ Հունաստանի ու Թուրքիայի միջև լարվածությունը հարթվի դիվանագիտական ճանապարհով: Վաշինգտոնը կողմերին կոչ է արել հրաժարվել ագրեսիվ հռետորաբանությունից և այնպիսի քայլերից, որոնք էլ ավելի կսրեն իրավիճակը:

Նշվել է, որ Պենտագոնի ղեկավարը մշտապես կապի մեջ է կողմերի հետ՝ առկա լարվածությունը թուլացնելու նպատակով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է տեղեկություն տրամադրել ՆԱՏՕ-ին Էգեյան ծովի օդային տարածքում հունական ՀՕՊ համակարգերի կողմից թուրքական ինքնաթիռները նշանառության տակ առնելու լուրերի վերաբերյալ:

Իսկ հունական կողմը հերքել էր թուրքական ինքնաթիռները նշանառության տակ առնելու կամ հետապնդելու մասին թուրքական մամուլում տարածված տեղեկությունը՝ համարելով դրանք անհիմն: Ավելին, հունական կողմը պարբերաբար հայտարարություն է տարածում թուրքական օդուժի կողմից իրենց օդային սահմանի խախտումների վերաբերյալ:

Իսկ վերջերս, ըստ թուրքական կողմի, հունական կործանիչները հետապնդել էին թուրքական ռազմական ինքնաթիռներին, բայց Աթենքն այդ մեղադրանքները ևս հերքել էր:

  • Կիսվել: