ԱՄՆ-ն չի աջակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Ուկրաինայի վերաբերյալ բանաձևին
ԱՄՆ-ն չի աջակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Ուկրաինայի վերաբերյալ բանաձևին, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ քննարկումների ընթացքում Միացյալ Նահանգներն առաջարկել է տեքստից հանել Ուկրաինայի տարածքային ամբողջականության և արդար խաղաղության հասնելու անհրաժեշտության մասին հղումը։
ԱՄՆ առաջարկին դեմ է քվեարկել 69 երկիր, կողմ 11-ը, իսկ ձեռնպահ՝ 62-ը։
Նշվում է, որ բանաձևն ընդունվել է առանց ԱՄՆ-ի կողմից առաջարկված փոփոխության. 107 երկիր կողմ է քվեարկել, 12-ը՝ դեմ, իսկ 51-ը՝ ձեռնպահ։ Հայաստանը ձեռնպահ է քվեարկել։
Դեմ են քվեարկել հետևյալ երկրները՝ Ռուսաստան, Բելառուս, Բուրկինա Ֆասո, Բուրունդի, Կուբա, Հյուսիսային Կորեա, Էրիթրեա, Իրան, Մալի, Նիկարագուա, Նիգեր և Սուդան։ Միացյալ Նահանգները ձեռնպահ է մնացել։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Սիբիգան ողջունել է բանաձևի ընդունումը՝ նշելով, որ Կիևը կշարունակի գործել «հաստատակամորեն և հետևողականորեն»՝ համապարփակ, արդար և երկարատև խաղաղության հասնելու համար։
«Մեզ համար սա պարզապես ևս մեկ քվեարկություն չէ։ Սա հաստատում է, որ Ուկրաինան միայնակ չէ, և որ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները դեռևս կարևոր են»,-ասել է նա:


