կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԱՄՆ-ի սադրանքների շարունակումը կարող է որակվել որպես պատերազմի հայտարարում. ԿԺԴՀ-ի ԱԳՆ

ԱՄՆ-ի սադրանքների շարունակումը կարող է որակվել որպես պատերազմի հայտարարում. ԿԺԴՀ-ի ԱԳՆ

ԿԺԴՀ-ի բողոքների անտեսումը և նրա դեմ ԱՄՆ-ի կողմից սադրիչ գործողությունների շարունակումը կարող է դիտվել որպես պատերազմի հայտարարում։ Ըստ Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության՝ նման հայտարարությամբ հանդես Է եկել Կորեայի Ժողովրդական Հանրապետության ԱԳՆ-ի վարչության տնօրեն Կվոն Չժոն Գինը, որը ղեկավարում Է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները: Այդ մասին տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

 

«Միացյալ Նահանգները պետք է հասկանա, որ սադրիչ գործողությունների շարունակումը, ԿԺԴՀ-ի նկատմամբ թշնամությունը մեր քանիցս արված բողոքների ու նախազգուշացումների անտեսման պայմաններում կարող է դիտվել որպես պատերազմի հայտարարում մեր պետությանը», – նշել է նա։ Դիվանագետի խոսքով՝ Կորեական թերակղզում «ռազմական լարվածության արատավոր շրջանակը» ճեղքելու համար Միացյալ Նահանգները պետք է դրսևորի իր «գործուն դիրքորոշումը»՝ հրաժարվելով Կորեայի Հանրապետությունում ռազմավարական միջոցներ տեղակայելու պարտավորություններից և դադարեցնելով ԿԺԴՀ-ի դեմ ուղղված բոլոր զորավարժությունները։ Ըստ Կվոն Չժոն Գինի՝ դա միակ միջոցն Է։

ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ի ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դատապարտել է երկակի ստանդարտների համար։ Փհենյանի դժգոհությունը հարուցել Է «պետության ինքնապաշտպանության օրինական իրավունքի» քննարկումը, որի իրականացումը դրսևորվում է հրթիռների արձակմամբ, և «ռազմական լարվածությունը մեծացնող այնպիսի գործողությունների անտեսումը, ինչպիսիք են ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության ռազմավարական միջոցների տեղակայումն ու ընդգրկուն համատեղ զորավարժությունները»։ Ըստ դիվանագետի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դարձել է ԿԺԴՀ-ի վրա ԱՄՆ-ի ճնշման գործիք:

 

«Եթե ​​Անվտանգության խորհուրդը շարունակի օրինականը համարել անօրինական, իսկ անարդարությունը` արդարություն, ապա դա կարող է բացասական հետևանքներ ունենալ՝ թերակղզում լարվածության աճի տեսքով», – ասել է Կվոն Չժոն Գինը՝ խոստանալով վճռական հակաքայլեր, եթե ԿԺԴՀ-ի ինքնապաշտպանության իրավունքը վերստին ԱՄՆ-ի պնդմամբ դառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկման առարկա։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, փետրվարի 20-ին Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծով, որոնք թռել են 400 կմ և 350 կմ՝ համապատասխանաբար 100 կմ և 50 կմ թռիչքի առավելագույն բարձրության վրա։ Իսկ փետրվարի 18-ին Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ էր փորձարկել, որը թռել էր 989 կմ՝ հասնելով 5768,5 կմ առավելագույն բարձրության: Այս առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ էր անցկացրել:

  • Կիսվել: