չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
ԱՄՆ-ի «դավադրությունները» արդյունքի չեն հանգեցնի․ Փեզեշքիան

ԱՄՆ-ի «դավադրությունները» արդյունքի չեն հանգեցնի․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Օմանի սուլթան Հայթամ բին Տարիկի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է, որ Միացյալ Նահանգների և Իսրայելի «դավադրությունները» հաջողության չեն հասնի։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։

Փեզեշքիանը երախտագիտություն է հայտնել Օմանի սուլթանության հստակ դիրքորոշումների և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին շարունակական աջակցության համար։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը բոլոր հարևան և տարածաշրջանային երկրներին, ինչպես նաև իսլամական երկրներին համարում է եղբայրներ և չունի նրանց հետ առճակատման կամ լարվածության սրման մտադրություն», - ասել է նա։

Փեզեշքիանը նաև անդրադարձել է Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազային հասցրած հարվածին, որն իրականացվել էր՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա գրոհի։

«Ամերիկայի անմիջական միջամտությունը սիոնիստական ​​ռեժիմի ռազմական ագրեսիային ստիպեց Իրանին պատասխանել, չնայած մենք դա չէինք ցանկանում անել։ Ես այս դիրքորոշումը բացատրեցի Կատարի էմիր շեյխ Թամիմին հեռախոսազրույցի ժամանակ և ցավակցություն հայտնեցի նրան տեղի ունեցածի համար», - հավելել է Իրանի նախագահը։

Փեզեշքիանն իսլամական երկրները միմյանց դեմ հանելու ջանքերը որակել է որպես «սիոնիստական ​​ռեժիմի և Ամերիկայի կողմից չարամիտ դավադրություն»՝ ընդգծելով, որ «տարածաշրջանի առաջնորդների գիտակցությունն ու իմաստությունը կխանգարեն այդ ծրագրերի հաջողությանը»: 

Իր հերթին Օմանի սուլթանն ընդգծել է, որ երկիրը լիովին գիտակցում է, որ Իրանը մտադիր չէր հարձակվել Կատարի վրա։ Նա վստահություն է հայտնել, որ Կատարի ղեկավարությունը «լավ գիտակցում է դա»:

Օմանի սուլթանը հավելել է, որ իրենք տարածաշրջանի մյուս երկրների հետ միասին աջակցում են Իրանի ժողովրդի իրավունքները վերականգնելու ջանքերին։

 

  • Կիսվել: