կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ալիևը Սոֆիայում մասնակցել է Բուլղարիա-Հունաստան գազատարը շահագործման հանձնելու արարողությանը

Ալիևը Սոֆիայում մասնակցել է Բուլղարիա-Հունաստան գազատարը շահագործման հանձնելու արարողությանը

Այսօր Սոֆիայում տեղի է ունեցել Հունաստան-Բուլղարիա միջհամակարգային գազատար խողովակաշարը շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Բուլղարիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ադրբեջանի և Սերբիայի նախագահներ Ռումեն Ռադևը, Ստևո Պենդարովսկին, Իլհամ Ալիևը, և Ալեքսանդր Վուչիչն, ինչպես նաև Հունաստանի և Ռումինիայի վարչապետեր Կիրիակոս Միցոտակիսը և Նիկոլաե Չուկեն:

Այս նոր խողովակաշարով Բուլղարիան տարեկան մեկ միլիարդ խորանարդ մետր գազ կստանա Ադրբեջանից, ինչպես նաև հեղուկ գազ Հունաստանից:

«Եվրոպական միությունը սատարել է այս նախաձեռնությանը և՛ քաղաքական առումով, և՛ ֆինանսապես՝ հատկացնելով 250 միլիոն եվրո: Այս գազատարով Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցում իրավիճակ է փոխվում: Դա նշանակում է ազատություն ռուսական գազի կախվածությունից: Էներգետիկ ճգնաժամը շատ լուրջ է, բայց համատեղ ջանքերով մենք կարող ենք այն հաղթահարել»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Իլհամ Ալիևը խոստացել է ավելացնել բնական գազի արդյունահանումը և Եվրոպա մղվող ադրբեջանական վառելիքի ծավալը:

Ենթադրվում է, որ ադրբեջանական գազ ստանալու դեպքում Բուլղարիայում այդ վառելիքի գինը կնվազի մոտ 30 տոկոսով: Հունաստան-Բուլղարիայի գազատարով փոխադրվող բնական վառելիքը հետագայում կմղվի նաև տարածաշրջանի այլ երկրներ:

Սոֆիայում Ադրբեջանի նախագահը մի շարք հանդիպումներ է անցկացրել միջոցառման մասնակից երկրների ղեկավարների հետ:

  • Կիսվել: