կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ադրբեջանը համաթուրքական կոալիցիա՞ է նախաձեռնում

Ադրբեջանը համաթուրքական կոալիցիա՞ է նախաձեռնում

Սեպտեմբերի 8-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ընդունել է թուրքախոս երկրների խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեեւին: Վերջինս մասնագիտությամբ արեւելագետ-արաբագետ է, դեռեւս խորհրդային շրջանում դիվանագիտական աշխատանքի է եղել Մերձավոր Արեւելքում:

Այդ հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունը չափազանց սուղ է, ինչը խոսում է բանակցությունների լրջության մասին: Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը փորձում է համաթուրքական կոալիցիա ձեւավորել՝ երկու սկզբունքային հարցով:

Առաջինը Ռուսաստանից Հայաստան սպառազինությունների մատակարարումն է: Հայտնի է, որ դրա համար ընտրված օդային երթուղին անցնում է Ղազախստանի տարածքով: Բաղդադ Ամրեեւը թուրքախոս երկրների խորհրդում ներկայացնում է Ղազախստանը: Ամենայն հավանականությամբ, Բաքուն փորձ է անում ազդել ղազախական կողմի վրա, որպեսզի վերջինս օդային միջանցք չտրամադրի դեպի Հայաստան թռիչքներ իրականացնող ռուսական ռազամտրանսպորտային ավիացիային:

Երկրորդ հարցը, որտեղ Ադրբեջանը փորձում է համաթուրքական համերաշխություն ստեղծել, կապված է Արեւելյան Միջերկրականում Թուրքիայի գործողությունների հետ: Հունաստանի նորանշանակ դեսպանի ընդունելության ժամանակ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանը լիովին սատարում է Թուրքիային: Թուրքախոս այլ երկրներից Անկարան նման աջակցություն չի ստացել: Ըստ երեւույթին, Բայրամով- Ամրեեւ բանակցությունների թեմաներից մեկն էլ թյուրքախոս երկրների խորհրդի անունից Թուրքիային աջակցող որեւէ հայտարարություն ընդունելու նպատակահարմարությունն է եղել:

Թուրքախոս երկրների խորհրդի անդամ են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ուզբեկստանը: Ընդ որում, Ղազախստանը եւ Ղրղստանը միաժամանակ ՀԱՊԿ անդամ եւ ֆորմալ առումով Հայաստանի ռազմական դաշնակից երկրներ են:

  • Կիսվել: