ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը դատապարտել է Բաքվի ռուսական գերեզմանատան պղծումը

Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը դատապարտել է Բաքվի ռուսական գերեզմանատան պղծումը

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է Բաքվի Սաբունչի շրջանի Զաբրատ ավանի ռուսական գերեզմանոցում տեղի ունեցած վայրագությանը:

«Մենք խստորեն դատապարտում ենք կատարված վանդալիզմը, որի ժամանակ վնասվել է մեր հայրենակիցների շուրջ 100 գերեզման։ Դա վրդովմունք ու զայրույթ է առաջացնում: Հաշվի առնելով այս անվայել գործողության մասշտաբները` դժվար է այն համարել պատահական խուլիգանական արարք: Ցավալի է, որ դա տեղի ունեցավ Ադրբեջանում, որը վարում է հանդուրժողականության և բազմամշակութայնության քաղաքականություն։ Գործի բնույթը թույլ է տալիս ակնկալել հանրային պաշտոնական գնահատական»,- ասված է հայտարարության մեջ։

Դեսպանատան աշխատակիցներն անմիջապես մեկնել են դեպքի վայր՝ ուսումնասիրելու բոլոր մանրամասները։ Նրանք սերտ կապեր են պահպանում տեղական իշխանությունների և Ադրբեջանի ռուսական համայնքի հետ։

«Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը՝ իրավապահ մարմինների ներգրավմամբ այս միջադեպին օպերատիվ արձագանքելու և քրեական գործ հարուցելու համար։ Վստահեցումներ են ստացվել, որ կոտրված տապանաքարերն ու հուշարձանները կվերականգնվեն։

Հուսով ենք, որ այս բարբարոսական հանցագործությունը կատարած անձինք կհայտնաբերվեն, պատասխանատվության կենթարկվեն և կպատժվեն Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան»,- գրված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանում վանդալիզմի ակտ է կատարվել. անհայտ անձինք պղծել են ռուսական գերեզմանատունը՝ կոտրելով հարյուրավոր գերեզմաններ։

 

  • Կիսվել: