ՀՀ-ն կարող է հակափաստարկներ ներկայացնել միջազգային դատարան Ադրբեջանի առարկության մասին
Մինչև օգոստոսի 21-ը Հայաստանը կարող է Արդարադատության միջազգային դատարանում հակափաստարկներ ներկայացնել Ադրբեջանի առարկությունների վերաբերյալ։ Այս մասին ասված է դատարանի պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ապրիլի 21-ին Ադրբեջանը գործով նախնական առարկություններ է ներկայացրել։ Դրանից հետո, դատարանի կանոնադրության համաձայն, գործի քննությունը կասեցվել է, քանի դեռ Հայաստանը չի ներկայացրել իր հակափաստարկները։ Դատարանը նախ պետք է քննարկի կողմերի փաստարկները, ապա շարունակի հայցի էության քննությունը։
Դատարանի երեկ հրապարակված որոշման համաձայն՝ այս փուլը կարող է տևել մինչև 4 ամիս։ Այսինքն՝ մինչև օգոստոսի 21-ը Հայաստանը պետք է իր նկատառումները ներկայացնի Ադրբեջանի առարկությունների վերաբերյալ։
Ավելի վաղ դատարանը կասեցրել էր Երևանի և Բաքվի հայցի քննությունն ըստ էության՝ մինչև համապատասխանաբար ադրբեջանական և հայկական կողմերի նախնական առարկությունների վերաբերյալ որոշման ընդունումը։
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը բավարարել էր Հայաստանի միջնորդությունը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ և պարտավորեցրել Ադրբեջանին ապահովել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով՝ մինչև «Հայաստանն Ադրբեջանի դեմ» հայցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը»։ Ադրբեջանն առ այսօր չի կատարում այս որոշումը։