կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Զոհված զինծառայողների ծնողների համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու տարիքային շեմը կբարձրացվի

Զոհված զինծառայողների ծնողների համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու տարիքային շեմը կբարձրացվի

Պետության աջակցությամբ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց տարիքային առավելագույն շեմը կվերանայվի:

Այս մասին հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը հիշեցրեց, որ 44–օրյա պատերազմում զավակներին կորցրած ծնողները պետության աջակցությամբ կարողանում են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ երեխա ունենալ: Սակայն պատգամավորը նկատել է, որ ծրագրից օգտվելու համար սահմանված տարիքային շեմի հետ կապված դժգոհություն կա:

«Պետության կողմից այս կարիքին արագ արձագանքելու շնորհիվ հնարավոր եղավ բազմաթիվ ընտանիքներին զավակ ունենալու բերկրանքը պարգևել: Այո, մենք ունենք ծնողներ, որոնք լինելով օրենքով սահմանված տարիքային շեմի մեջ, փորձել են, բայց, ցավոք սրտի, չի ստացվել: Հիմա ունենք պահանջ՝ վերանայելու այդ տարիքային շեմը»,–ասաց Ավանեսյանը:

Նախարարը հայտնեց, որ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հետ երկար քննարկումների արդյունքում նախաձեռնվել է օրենսդրական փոփոխություն: Տարիքային շեմի վերանայման նախագիծը շրջանառության մեջ է: Նախարարը հուսով է, որ շուտով արդեն կքննարկվի Ազգային ժողովում:

«Հուսով եմ, որ առաջիկայում կընդունվի, և 53 տարեկանի շեմը կվերանայվի և ներառյալ 55–ը կսահմանվի որպես տարիքային շեմ»,–ասաց Ավանեսյանը:

Ըստ նրա՝ տվյալ օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը նաև որոշակի ռիսկեր է պարունակում կնոջ ու ապագա զավակի համար: Այս բոլոր մասնագիտական նրբությունները հաշվի առնելով՝ եզրահանգել են, որ կսահմանեն 55 տարեկանի շեմը:

  • Կիսվել: