Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի կառավարումը փոխանցվեց առողջապահության նախարարությանը. պարտքեր ունի
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 24–ի նիստում որոշում կայացրեց, որով «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ–ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահեց ՀՀ առողջապահության նախարարությանը։
Ներկայումս Կենտրոնը հանդիսանում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակա առողջապահական հիմնարկ և ընթացիկ կառավարումը իրականացվում է վերջինիս կողմից:
Կազմակերպությունը 2020-2022թթ. վերապրոֆիլավորվել էր COVID-19-ով հիվանդների բուժմամբ պայմանավորված: 2022թ. մարտից Կազմակերպությունը կրկին վերապրոֆիլավորվեց, ինչի արդյունքում սկսեց նորից իր բնականոն աշխատանքը։ 2023–2024թթ. կենտրոնը գեներացրել է կրեդիտորական պարտքեր` շուրջ 37,0 մլն դրամի, ինչը միտում ունի անընդհատ ավելացման։ 2023թ. զուտ վնասը կազմել է 18,2 մլն դրամ, 2024թ.` 39,3 մլն դրամ: Վերջինս պայմանավորված է եկամուտների նվազմամբ, հատկապես վճարովի ծառայությունների։
2024թ. 2023թ. համեմատ նվազել է շուրջ 27%-ով, այլ եկամուտները շուրջ 2 անգամ նվազել են։
Բացի այդ, կենտրոնի վրա ազդեցություն ունեն նաև ոչ ֆինանսական գործոնները, մասնավորապես բուժ.անձնակազմի արտահոսքը: Այս ամեն ինչի հետ մեկտեղ Կազմակերպությունը պարբերաբար միջոցներ է ձեռնարկել ծախսերի կրճատման ուղղությամբ, մասնավորապես իրականացվել է աշխատակիցների կրճատում, աշխատաժամանակի կրճատում:
Կազմակերպության ֆինանսական ռեսուրսների բաշխման և պլանավորման արդյունավետությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել Կազմակերպության կառավարման լիազորությունը վերապահել Առողջապահության նախարարությանը:


