Վերջին օրերին տեղի ունեցած քամու և պտտահողմի պատճառով Ապարանում 3 դպրոցի տանիք է վնասվել. ԿԳՄՍ նախարար
Մենք ոչ միայն աշխատում ենք 300 դպրոցների ուղղությամբ, այլև մեր ուշադրությունը բոլոր դպրոցների ուղղությամբ է: Նախորդ տարի շուրջ 500 դպրոցում 800 միլիոն դրամի չափով աշխատանքներ ենք արել, իսկ ունենք շուրջ 1400 դպրոց: Սա ցույց է տալիս, որ մեր դպրոցական համակարգի գերակշիռ մեծամասնությունը նախորդ տարի պետական աջակցություն է ունեցել կապիտալ որևէ խնդիր լուծելու: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 17-ի նիստին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Իհարկե, այն դպրոցները, որոնք դպրոցաշինության ծրագրում են, այդտեղ մենք անում ենք ամբողջական աշխատանք, բայց բոլոր մյուս դպրոցներն էլ մեր ուշադրության տակ են: Մենք հատուկ մեխանիզմ ունենք՝ արագ արձագանքման ֆոնդ: Եթե որևէ դպրոց ունի հրատապ կարիք, օրինակ՝ վերջին օրերին տեղի ունեցած քամու և պտտահողմի պատճառով Ապարանում 3 դպրոց ունենք, որոնց տանիքները վնասվել են, բնականաբար, այդ տանիքների ուղղությամբ հատկացումներ են արվելու, և այդ խնդիրները լուծվելու են»,- ասաց ԿԳՄՍ նախարարը՝ նշելով, որ խնդիրը լուծվում է հաճախ առանց դրանց մասին տարփողելու ու բարձրաձայնելու:
Ինչ վերաբերում է պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ Ագրարային համալսարանի մասին հնչեցրած մտահոգություններին, Անդրեասյանն ասաց՝ բարձրագույն կրթության համակարգում գերակա ուղղություններով կրթաթոշակ է սահմանվել, և նախորդ տարի այդ ուղղություններով՝ գերակա մասնագիտություններով, 220 ուսանող է ընդունվել Ագրարային համալսարան:
«Ամսական ստանում են 70 հազար կրթաթոշակ, երկրորդ տարվանից սկսած, իհարկե, առաջադիմության շեմի գործադրմամբ: Մենք Ագրարային համալսարանում մի քանի ծրագրեր ենք գործարկել, այդ թվում՝ մասնավորի հետ համագործակցությամբ, ֆրանսիական կողմի հետ ենք սերտորեն աշխատում, և հիմա նաև ֆրանսիական հեղիանակվոր բուհի հետ Ագրարային համալսարանի գործակցության ծրագրով ենք առաջ գնում, որը թույլ է տալու, որ միջազգային մրցունակ մակարդակի գյուղատնտեսության մասնագետներ ունենանք»,- հայտնեց նախարարը: