շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վեդիի 29․4 մլն խմ ջրամբարի կառուցման աշխատանքների 96 տոկոսը կատարված են

Վեդիի 29․4 մլն խմ ջրամբարի կառուցման աշխատանքների 96 տոկոսը կատարված են

Վեդիի 29․4 մլն խ/մ ջրամբարի կառուցման աշխատանքների 96 տոկոսը կատարված են: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 28-ին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում «Ճանապարհային դեպարտամենտ» և Տարածքային զարգացման հիմնադրամների 2023 թվականի գործունեության հաշվետվությունների քննարկման ժամանակ, որին մասնակցել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ծրագրի նպատակն է բարելավել ջրային ռեսուրսների և ոռոգվող գյուղատնտեսության կայունությունն Արարատյան հարթավայրի բերրի հողերում` ապահովելով լրացուցիչ վերականգնվող ջրային ռեսուրսներ Վեդու ջրամբարի կառուցման միջոցով և բարելավելով ոռոգման արդյունավետությունը ցանցերի վերանորոգման և արդիականացման միջոցով:

Ինչ վերաբերում է Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցում ծրագրին, նշվել է, որ ծրագրով նախատեսվում է 25 մլն մ3 ծավալով Կապսի ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցում, Ախուրյան գետի (Արփի լիճ ջրամբարից մինչև Ախուրյանի ջրամբար) հիդրոլոգիական դիտակետերի վերազինում, լրացուցիչ կայանների կառուցում և տվյալների կենտրոնացված բազայի ստեղծում (SCADA համակարգ):

Մինչ օրս իրականացվել են մոբիլիզացիոն և հատակային ջրթողի վերանորոգման նպատակով գետի ջրի հեռացման համակարգի կառուցման աշխատանքները, ինչպես նաև մշակվում են Բնապահպանական սոցիալական կառավարման պլանն ու աշխատանքների համար անհրաժեշտ մեթոդաբանությունները։ Տարվա ընթացքում ներդրումները կազմել են 5․3 մլրդ դրամ։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Ջրաձոր բնակավայրի վերաբնակեցման և հողերի ձեռքբերման ծրագրին, որը ֆինանսավորվում է Հայաստանի կառավարության կողմից: Նախորդ տարվա ընթացքում ընտրվել են գյուղի վերաբնակեցման ծրագրի իրականացման խորհրդատու և գյուղի նախագծային խորհրդատու։ Արդեն իսկ պատրաստ են գյուղի նախագծանախահաշվային փաստաթղթերը:

Քննարկման ընթացքում վարչապետի ներկայացվել է Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման /զբոսաշրջության/ ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները ևս: Ըստ այդմ՝ այն իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ։ 2023թ.-ին իրականացվել են 5․1 մլրդ դրամի աշխատանքներ։ 2022թ․ համեմատ աճը կազմել է 155 տոկոս։ Ծրագրով նախատեսված 42 ենթածրագրից 19-ը ավարտված են, 16-ը՝ ընթացքի մեջ են, 7-ը գտնվում են նախապատրաստական տարբեր փուլերում: Ավարտված ծրագրերը փոխում են թիրախային զբոսավայրերի դեմքը. Գյումրիի պատմական կենտրոնի վերականգնումը և 11 փողոցների հիմնանորոգումը, Խոր Վիրապի տարածքի բարեկարգումը, Դվինի հուշարձանների վերականգնումն ու ամրակայումը, Գորիսի կենտրոնական մասի պատմամշակութային միջավայրի ու տների պատմական տեսքի վերականգնումը, Ջերմուկի 6 փողոցների, ըմպելասրահի և հարակից տարածքի բարեկարգումը, Գառնիի տաճարին առնչվող 4 ենթածրագրերի իրականացումը, Գառնիից դեպի Խոսրովի արգելոց տանող ճանապարհը, Գառնի–Լանջազատ 18 կմ-անոց ճանապարհի կառուցումը և այլն։

  • Կիսվել: