հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վահան Քերոբյանն ընդունել է Պորտուգալիայի արտաքին առևտրի և ներդրումների գործակալության պատվիրակությանը

Վահան Քերոբյանն ընդունել է Պորտուգալիայի արտաքին առևտրի և ներդրումների գործակալության պատվիրակությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Պորտուգալիայի արտաքին առևտրի և ներդրումների գործակալության նախագահ Լուիս Կաստրո Հենրիքսի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները դիտարկելու նպատակով։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, Պորտուգալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը, Ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհաննեսյանը, կենտրոնի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը, նախարարության այլ պաշտոնյաներ։

Վահան Քերոբյանը ողջունել է Պորտուգալիայի արտաքին առևտրի և ներդրումների գործակալության պատվիրակության ներկայացուցիչներին և հույս հայտնել, որ իրենց այցը Հայաստան նոր լիցքեր կհաղորդի երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։

Հանդիպման սկզբում Լուիս Կաստրո Հենրիքսը ներկայացրել է Պորտուգալիայի ներմուծման և արտահանման քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները և նշել, որ արտահանման ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են դեղագործության ոլորտում։

Խոսելով համագործակցության զարգացման հնարավորությունների մասին՝ նախարար Վահան Քերոբյանն առանձնացրել է գինեգործության ոլորտը, տեղեկացրել հյուրերին, որ ներկայումս մշակվում է ոլորտի զարգացման նոր ռազմավարությունը և ներկայացրել հայ գինեգործության վերջին տարիների ձեռքբերումները։ Նախարարն ընդգծել է, որ հայկական կողմը հետաքրքրված է ուսումնասիրել գինեգործության ոլորտում պորտուգալական փորձը և գտնել երկկողմ համագործակցության եզրեր։

Լուիս Կաստրո Հենրիքսը, իր հերթին, համառոտ ներկայացրել է պորտուգալական UTAD համալսարանի գործունեությունը, որում ներառված է նաև գինու արտադրությունը։ Նա խոստովանել է, որ տպավորված է Հայաստանի գինեգործության վերջին տարիների թռիչքային զարգացմամբ։ Կողմերը համակարծիք են եղել, որ կարելի է համագործակցություն նախաձեռնել UTAD համալսարանի և գինու ոլորտում գործող հայկական կազմակերպությունների միջև։

Զրուցակիցներն անդրադարձել են զբոսաշրջության ոլորտին և փաստել, որ այստեղ նույնպես մեծ է երկուստեք հետաքրքրվածությունն ու առաջարկել քննարկել երկու երկրների միջև ուղիղ չվերթերի կազմակերպման հնարավորությունը։

Քննարկվել են նաև Պորտուգալիայից թղթի ներմուծման հնարավորությունները՝ տարբեր տեսակի արտադրություններում օգտագործելու նպատակով, մասնավորապես՝ ծխախոտի փաթեթավորման, կտրոնների, պիտակների տպագրման համար։

Նշելով, որ Հայաստանի ներդրումային միջավայրը բավական գրավիչ է և այս ուղղությամբ երկրում ստեղծվել են բարենպաստ պայմաններ, Վահան Քերոբյանն առաջարկել է ուսումնասիրել Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունը։ Նա ընդգծել է Հայաստանի հետ համագործակցության նպատակահարմարությունը՝ նկատի ունենալով Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։

Վահան Քերոբյանը հետաքրքրվել է Պորտուգալիայում անցկացվող գործարար համաժողովներով և ցուցահանդեսներով ու այդ միջոցառումներում հայ գործարարների մասնակցության հնարավորություններով։ Անդրադառնալով ցուցահանդեսների կազմակերպման կարևորությանը՝ նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանն առանձին տաղավարով մասնակցելու է 2021 թ․ հոկտեմբերի 1-ից 2022 թ․ մարտի 31-ը Դուբայում կայանալիք «Expo2020Dubai» համաշխարհային ցուցահանդեսին և նշել, որ Հայաստանը հանդես է գալու «Էթնոթեք» կոնցեպտով՝ աշխարհին ներկայացնելով Հայաստանի էթնիկ առանձնահատկությունները և տեխնոլոգիական հավակնությունները, հայկական ապրանքներն ու ծառայությունները, նաև զբոսաշրջային գրավչությունները։ Վահան Քերոբյանն առաջարկել է պորտուգալացի գործընկերներին այցելել հայկական տաղավարը, որտեղ ներկայացված են լինելու Հայաստանի սննդամթերքն ու խմիչքը, թեթև արդյունաբերությունը, ոսկերչությունը, ՏՏ և բարձր տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, կրեատիվ մեդիան, կինոարտադրությունը և այլ ոլորտներ։

Կողմերը պայմանավորվել են այցելել միմյանց տաղավարները, ծանոթանալ ներկայացված արտադրանքին և նախանշել համագործակցության հնարավորությունները։

Պորտուգալիայի արտաքին առևտրի և ներդրումների գործակալության նախագահ Լուիս Կաստրո Հենրիքսի գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած այցի շրջանակում Ներդրումների աջակցման կենտրոնի հետ ստորագրվել է Հայաստանի և Պորտուգալիայի միջև առևտրատնտեսական հարաբերություններին նպաստող հուշագիր։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Պորտուգալիայի հետ 2021 թվականի հունվար-հուլիսին կազմել է 3,8 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6 %-ով (2020թ․ հունվար-հուլիսին կազմել է 3,6 մլն ԱՄՆ դոլար)։

  • Կիսվել: